211652_close_icon
views-count1340 դիտում article-date 18:28 16-02-2022

ԱԻ նախարարին են ներկայացվել պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցության ծրագրի վերջնական արդյունքները

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի» հետ աշխատող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ամփոփել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, պատերազմի մասնակիցներին պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Հոգեբանները արդյունքներն ամփոփել էին նաև գիտական հետազոտության ձևաչափով. առաջին անգամ հոգեբանական աշխատանքը համակարգված գրանցվել, մոնիթորինգի է ենթարկվել և վերլուծվել:

Ըստ կազմակերպությունների ներկայացուցիչների՝ շահառուների հետ յոթամսյա աշխատանքի վերլուծության արդյունքում առանձնացվել են հոգեբականական մի շարք խնդիրներ, որոնք շահառու տարբեր խմբերի համար տարբեր են: Այս տեսանկյունից կարևորելով հետպատերազմական շրջանում հանրային հոգեկան առողջության խնդիրը, մասնագետները համոզմունք են հայտնել, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այն պետության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Բարձրացվեց նաև զորացրված զինծառայողներ հետ աշխատելու անհրաժեշտությունը: Նշենք, որ թեև պետական ծրագիրն ավարտվել է, հոգեբանները շարունակում են աշխատել շահառուների հետ:

Նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության մոտ 30 տոկոսի մոտ առկա է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և իրականացված աշխատանքի արդյունքում, մասամբ հնարավոր է եղել հաղթահարել հոգեբանական ծառայություններից օգտվելու բարդույթը: Բարձր գնահատելով հոգեբանների կատարած աշխատանքը՝ Ա. Փիլոյանը կարևորել է ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչության հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման խնդիրը:

Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝ անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները: Ծրագիրն իրականացվել է ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ Արցախում:

 

Նմանատիպ նյութեր