211652_close_icon
views-count1189 դիտում article-date 10:38 17-02-2022

Ինչո՞վ են նման «դեպրեսիվ» և իշխանական խավերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հոգեբանները խորհուրդ են տալիս աշխատանքի գնալ տարբեր ճանապարհներով, իսկ տանը՝ պարբերաբար փոխել համակարգչի տեղը եւ ընդհանրապես՝ կահավորանքի ձեւը: Անընդհատ կրկնվող իրադարձություններից, նույն դեպքերից, նույն երթուղիներից մարդու ուղեղում նոր նեյրոնային կապեր չեն ստեղծվում՝ մարդը «լճանում» է, կաղապարվում է հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական իմաստով:

Այդ օրինաչափությունը գործում է նաեւ հասարակական, քաղաքական կյանքում. նոր շրջապատը, նոր շփումները, նոր գիտելիքներն օգնում են մարդկանց ազատվել կարծրատիպերից, նախապաշարումներից, չդառնալ քարոզչության զոհը:

Դուք չեք հավատա քաղաքական գործիչների պնդումներին, թե «բոլոր լրագրողները ծախված են», եթե գոնե մեկ լրագրող ընկեր ունեք, որի պարկեշտությանը չեք կասկածում:

Դուք չեք հավատա հրեաների կամ աֆրոամերիկացիների մասին տարածվող ռասիստական հեքիաթներին, եթե որոշ ժամանակ շփվել եք տվյալ ազգի կամ տվյալ ցեղի ներկայացուցիչների հետ:

Եվ հակառակը՝ եթե դուք ամբողջ օրը նստած եք ֆեյսբուքում եւ այնտեղից «որսում եք» ձեր չսիրած մարդկանց մասին բացասական տեղեկությունները, որպեսզի ստանաք ձեր արդեն իսկ ձեւավորված համոզմունքների հաստատումն ու մի երկու քաղցր խոսք էլ դուք ավելացնեք, ապա ինքներդ հեշտությամբ կդառնաք քարոզչության զոհը: «Սաղ ՀՀԿ-ականները թալանչի են», «սաղ ՔՊ-ականները տգետ են»՝ քարոզչությունն ինքնին շատ պարզունակ է եւ փնտրում է նույնքան պարզունակ ուղեղներ:

Այսպիսով, քարոզչության զոհ դառնալու հավանականությունն առավել մեծ է նեղ շրջապատ ու միապաղաղ կյանք վարողների շրջանում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ, այսպես ասենք, «դեպրեսիվ» խավին համահավասար կա մեկ այլ՝ չափազանց բարգավաճող խավ, որն ունի նույն խնդիրները: Խոսքն իշխանավորների մասին է: Նրանք նույնպես ամեն օր գնում են աշխատանքի նույն «պադավատով», շրջապատված են նույն թիկնապահներով, ծառաներով եւ քծնողներով, Հայաստանի պարագայում նրանք նույնպես ամբողջ օրը նստած են ֆեյսբուքում՝ պարզելու համար, թե ով է իրենց «ծանր վիրավորանք» հասցրել: Իհարկե, այդ մարդիկ էլ ունեն իրենց փոքրիկ ուրախությունները, ասենք, երբեմն պակաս շքեղ բնակարանից տեղափոխվում են ավելի շքեղ բնակարան, կամ ավելի թանկ «պադավատով» են գնում գործի: Բայց դա ընդհանուր կաղապարվածության վրա չի ազդում: Թե՛ «դեպրեսիվ» եւ թե՛ իշխանական խավերի մտածողության հիմքում դրված է նույն «քառակուսի» մտածելակերպը՝ դատել իրադարձությունների եւ մարդկանց մասին՝ իրենց, նախօրոք ձեւավորված, միակողմանի չափանիշներով:

... Գերմանացի նացիոնալ-սոցիալիզմի պարագլուխներից մեկը՝ Հենրիխ Հիմլերը 30-ականների վերջում մարդկանց աշխատանքի ընդունելու «հանճարեղ» ձեւ էր առաջարկել՝ լուսանկարով: Պետք չի ոչ մի ինքնակենսագրություն, ոչ մի հարցազրույց: Նայում ես լուսանկարին, տեսնում ես՝ մազերը շեկ են, աչքերի գույնը՝ բաց, գանգի ձեւը՝ «ճիշտ», ուրեմն՝ վերջ, կարելի է աշխատանքի ընդունել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր