211652_close_icon
views-count66174 դիտում article-date 20:34 22-02-2022

Արմավիրի մարզում ոստիկաններն իրականացրել են «Ինչպես ճանճին հեռացնել եղևնու վրայից» օպերացիան. հայտնաբերվել է հսկայական եղևնիները Մեծամորի կինոյի տան դիմացից տանողը. նա գեներալի եղբայր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ խիստ հանձնարարական է իջեցվել ոստիկանության մարզային վարչությունների պետերին, տարածքային բաժինների պետերին, որպեսզի վերջիններս ուժեղացված հսկողություն իրականացնեն անտառահատների, բնության նկատմամբ կատարված ոտնձգությունների կանխման, նախականխման և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ՀՀ ոստիկանապետի  կարգարդրությամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ , ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա:

Այն, որ վերջին տարիներին հանրապետությունում նվազել են ապօրինի անտառահատման դեպքերը, դա ակնհայտ է, սակայն  որոշ «ծառասպաններ» փորձում են իրենց սև գործն անել բնության նկատմամբ: Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ գործողությունների և արագ արձագանքման շնորհիվ կանխվում կամ բացահայտվում են բնության նկատմամբ ոտնձգություն կատարողները:

Երեկ՝ փետրվարի 21-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ և ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզում իրականացրել են  «Ինչպես  ճանճին հեռացնել եղևնու վրայից» օպերացիան:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ փետրվարի 20-ին  ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը տեղեկություններ է ստացել, որ Մեծամոր քաղաքի վարչական տարածքից  35-40 տարեկան  եղևնիներ են արմատախիլ արել և գողացել:

Նույն օրը հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար մարզի ոստիկանպետ Կ. Հակոբյանի կողմից  ստեղծվում են օպերատիվ-հետախուզական խմբեր, այդ թվում՝ Ս. Խմելյանի գլխավորությամբ:

Կարճ ժամանակում  ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-միջոցառումներ, պարզում են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում Արշալույս գյուղի բնակիչ, 64-ամյա Աշոտ Գրիգորյանը  Մեծամոր քաղաքի նախկին կինոյի տան դիմացի բակային հատվածից  արմատախիլ է արել 3  հսկայական  եղևնի ու տեղափոխել Արշալույս գյուղի իր տուն:

Ոստիկանները, ժամանելով Ա. Գրիգորյանի տուն, բացատրական աշխատանքներ են կատարում նրա հետ, որից հետո եղևնիներից 2-ը Արշալույս գյուղից  տեղափոխվում են այն վայրը, որտեղ տարիներ առաջ տնկվել են:

Ա. Գրիգորյանը պարտավորվել է 3-րդ եղևնին նույնպես տեղափոխել նույն վայրը:

Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրն է, ով ընկերական շրջապատում հայտնի է  «Ճանճ» մականվամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր