211652_close_icon
views-count2608 դիտում article-date 15:37 23-02-2022

Կառավարությունը կփոխհատուցի 81 սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց սահմանամերձ համայնքներին 1,155 մլրդ դրամ հատկացնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ գումարը կհատկացվի 5 մարզերի 23 համայնքների 83 բնակավայրերին. «Դրանք հիմնականում 4 ուղղությամբ են՝ անշարժ գույքի հետ կապված հարկերը, էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի հետ կապված: Այս որոշմամբ գործ ունենք մոտ 100 հազար շահառու հետ: Այս որոշմամբ մեղմացնում ենք այս 4 ուղղություններով նրանց վճարումները կամ ամբողջովին պետությունն է իրականացնում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը սահմանամերձ եւ նաեւ սահմանամերձ դարձած գյուղերի կոմունալ ծախսերի եւ անշարժ գույքի հարկի գծով որոշակի փոխհատուցում  տալու մասին է. «Շահառուների թիվն ընդլայնվել է եւ մենք սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին աջակցում ենք»,- ասաց նա:

Նշենք, որ վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց Ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին:

Նմանատիպ նյութեր