211652_close_icon
views-count2516 դիտում article-date 10:51 04-03-2022

Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութ կտրվի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս տարի գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ են առաջացել՝ պայմանավորված պարարտանյութերի գների աննախադեպ աճով։ Բանն այն է, որ Հայաստան ազոտական պարարտանյութ ներկրվում է հիմնականում երեք երկրից՝ Ռուսաստան, Իրան եւ Վրաստան։ Միջազգային շուկայում պարարտանյութը թանկացել է, եւ դա հիմնականում պայմանավորված է պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի քանի ընկերությունների գործունեության դադարեցմամբ, ինչպեսեւ գազի համաշխարհային գների բարձրացման արդյունքում ապրանքների միջազգային գների աճով։

Մասնավորապես, առավել լայն կիրառություն ունեցող պարարտանյութի՝ ազոտական պարարտանյութի 1.0 տոննայի արտահանման գինը 2022 թ. հունվարին Ռուսաստանում կազմել է 670 ԱՄՆ դոլար՝ 490 ԱՄՆ դոլարով ավելի թանկ, քան 2021 թ. հունվարին, եւ 440 ԱՄՆ դոլարով ավելի թանկ, քան 2021 թ. ապրիլին։ Նույն կերպ աճել են նաեւ այլ տեսակի պարարտանյութերի գները։ Թանկացումներ են եղել Իրանում եւ Վրաստանում նույնպես։ Վրաստանից ներկրվող պարարտանյութերի դեպքում, եթե 2020 թ. 1 պարկը վաճառվել է 7 հազ. դրամով, ապա ներկայումս 1 պարկի արժեքը շուրջ 20 հազ. դրամ է։ Այս ամենից զատ, դարձյալ ըստ էկոնոմիկայի նախարարության, 2022-ից Ռուսաստանում սկսել է գործել համապատասխան իրավական կարգավորում, համաձայն որի՝ ապրանք արտադրողները պարտավոր են առաջնահերթ առավելագույն ծավալներ մատակարարել իրենց երկրի ներքին շուկայի պահանջարկն ապահովելու նպատակով։ Այս մոտեցումը կիրառվում է նաեւ Իրանում։ Սրա հետեւանքով պարարտանյութերի արտահանման ծավալները կրճատվել են, իսկ գները՝ կտրուկ աճել։

Համընդհանուր գնաճի պայմաններում արձանագրվել են նաեւ բեռնափոխադրումների քանակի նվազման եւ արժեքի աճման միտումներ։ Ու հիմա մեր երկիր մտնող պարարտանյութերի գներն անհամեմատ ավելի բարձր են սպառողների համար հասանելի գներից։ Մասնավորապես՝ եթե 2021 թ. 1 պարկ ամոնիակային սելիտրայի պարարտանյութը վաճառվում էր 7000-8700 դրամով, ներկա միտումների պայմաններում վերջինիս վաճառքի գինը կկազմի 20000-22000 դրամ։

Պետական նշյալ գերատեսչության տվյալներով՝ վերլուծության արդյունքները վկայում են, որ 2022 թ. գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքը եւս կավելանա (մեծամասամբ պայմանավորված պարարտանյութերի գնաճով), մասնավորապես՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ մշակաբույսերի 1 կգ-ի ինքնարժեքի աճը կկազմի 11 տոկոս (40-45 դրամ), կարտոֆիլինը՝ 8 տոկոս (143-153.9 դրամ), անջրդի հացահատիկինը՝ 23 տոկոս (157-193 դրամ), ջրովի հացահատիկինը՝ 14 տոկոս (160-182 դրամ), առվույտինը՝ 10 տոկոս (44-48 դրամ)։

Գնաճի նման պայմաններում մշակությունը՝ մասնավորապես ռազմավարական նշանակության հացահատիկային մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր, ինչը կարող է հանգեցնել հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատման՝ ներկայիս վարելահողերի շուրջ 50 տոկոսի մշակության պայմաններում։

Որպեսզի իրավիճակը փոքր-ինչ շտկվի, որոշվել է հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայականից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն ստեղծել։ Ծրագիրը կիրականացվի այս տարի եւ բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։

Ծրագիրն իրագործվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն հետեւյալ չափաքանակներով կլինի. 1. ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչեւ 500 կգ, 2. ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչեւ 400 կգ, 3. կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչեւ 300 կգ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր