Կառավարությունն օժտվել է տեխնիկական անվտանգության պահանջներ ընդունելու իրավասությամբ
Ազգային ժողովում մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ուժը կորցրած են ճանաչվելու սույն թվականի ապրիլ ամսին: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակագերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել տեխնիկական փորձաքննություն:
«ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ, որի հիմքով էլ լրացում է կատարվում վերը նշված Օրենքի 4-րդ հոդվածում»,- նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը: