211652_close_icon
views-count137397 դիտում article-date 22:46 22-03-2022

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. կասկածյալը, ում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են, առևտրի կրպակից զենքի սպառնալիքի տակ հափշտակել էր գումար ու ծխախոտ

Երեկ՝ մարտի 21-ին, զենքին նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: ժամը 03:40–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ա. Մ.-ից, ով հայտնել է, որ Մոսկովյան փողոցում գտնվող խանութներից մեկից  զինված տղամարդը զենքի սպառնալիքով գողացել է գումար և ծխախոտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության  Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության   քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել են նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Հարությունյանն ու ավագ քննիչ Մանուկյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:25-ից  02:30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում գործող առևտրի կրպակին է մոտեցել  անհայտ տղա, աշխատակցին ցույց տվել զենքին նմանվող առարկա ու նրանից պահանջել է գումար և ծխախոտ: Մերժում ստանալուց հետո հանցագործը հափշտակել է մոտ 23 հազար դրամ գումար և ծխախոտ ու դիմել փախուստի:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սամսոն Ղուկասյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է, նա նմանատիպ այլ գործողություններ արած լինի և այդ ամենը պարզելու նպատակով իրավապահները  աշխատում են:

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված, 24-ամյա Սամսոն Ղուկասյանն է

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր