211652_close_icon
views-count94857 դիտում article-date 09:49 24-03-2022

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Opel-ը կոտրել է հենասյունը, ապա՝ 6 տարի առաջ նույն վայրում ողբերգական ավտովթարի հետևանքով 3 զոհվածների հիշատակին տեղադրված հուշաքարն ու շրջվել, 8-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Բաղդասար Գ-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց ձախ, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, կոտրել այն, առաջ ընթանալով բախվել հուշաքարին, կոտրել այն և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բաղդասար Գ-ն և ուղևոր Սյուզաննա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Աննա Գ-ն և Երևանի բնակիչ՝ 8-ամյա Ալեքս Գ-ն տեղափոխվել են «Սուրբ Աատվածամայր» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ալեքս Գ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով դարձի են բերել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք; 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2016 թվականի փետրվարի 23-ին նշված վայրում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով 3 երիտասարդներ, որոնցից մեկը զինվոր էր, մահացել էին, և կոտրված հուշաքարը նրանց հիշատակին էր տեղադրվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր