211652_close_icon
views-count1530 դիտում article-date 11:52 25-03-2022

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: 

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ 

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը: 

Երկուստեք կարևորվել է նաև իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Նմանատիպ նյութեր