211652_close_icon
views-count1950 դիտում article-date 23:00 29-03-2022

Սիրված արվեստագետի հոբելյանը՝ Հայաստանի ազգային գրադարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերը արտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ: Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձեն ճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին:

Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20 րդ   դարում   Մարտիրոս   Սարյանը  պատկերեց   բնության   էությունը  նոր լույսի   ներքո, իսկ Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում  երիտասարդ ամերիկյան  նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում:Խոսենք սիրված արվեստագետ ու մտավորական ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) մասին:  

Այս տարի լրանում է նրա  ծննդյան 115-ամյակը։Մի քանի խոսք նրա մասին: Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում2000 թվականի օգոստոսի 12-ին։ 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929 թվականին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ 1929 թվականին ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929 թվականից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 

1938 թվականին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1940-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում։Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր։

Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թվականին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։Ցուցահանդեսներով հանդես է եկել ինչպես Ֆրանսիայում,այնպես էլ դրա սահմաններից դուրս: Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ։Օֆորտներով են նկարազարդված Անդրե Վերդեի «Գրավված սիրտ, դառը սեր»-ը (1965) և Արթուր Ռեմբոյի «Լուսախաղ» ժողովածուները։ Վիմագիր նկարազարդումներ ունեն Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» (1964), Ալբեր Քամյուի «Հուշատետր» (1965), Գոնկուր եղբայրների անունը կրող ակադեմիայի «Փարիզյան ակնարկներ» (1965), Էդգար Պոյի «Կրկնակի սպանություն Մորգ փողոցում» (1969), Ժյուլ Վեռնի «Երկրից լուսին» (1970), Էժեն Իոնեսկոյի «Փշրտված թերթ», նաև Գառզուի «Ուղևորություն Հայաստան» (1974), «Շրջված քաղաքը», «Անդրանիկը և սուրբ լեռը», «Մահը լճափին», «Կանաչ ձեռքը», Ժուլիեն Կրագի «Արկոլի պալատում» գրքերը։

Չնայած Գառզուն երբեք չի գործում որպես ճարտարապետ՝ այնուհանդերձ, ճարտարապետութունն իր անխախտ դրոշմն է թողնում իր ստեղծագործություններում. ճարտարապետությունը և ակադեմիական կրթությունը, անշուշտ, վճռական դեր են խաղում, որ Գառզուն հետագայում իր նկարաշարերում ներկայացնի գոթականՎերածննդի, դասական, բարոկկո, նեոկլասիցիզմի («Վերսալ») ճարտարապետության բազմապիսի մոտիվներ՝ գծային, հեռանկարչական անթերի մեկնաբանումներով։ Հետպատերազմյան տասնամյակների ընթացքում նկարիչը մեկը մյուսի ետևից ստեղծում է լիտոգրաֆիաներ, ջրաներկեր, օֆորտներ՝ Միջերկրածովի, Իլ-դե-Ֆրանսի, Բրետանիի, Վենետիկի, Փարիզի, Վերսալի, Տյուիլյրի, զանազան նավահանգստային քաղաքների բնապատկերներով։ Այս աշխատանքներում ճշգրտորեն տրված է բնանկարային մոտիվը, սակայն Գառզուի ճշգրտությունը կրկնությունից հեռու է։

Նկարիչը դեմ է բնության ուղղակի վերարտադրությանը, քանի որ հնարավոր չէ մրցել բնության հետ, բայց նա դեմ է նաև բնության իսպառ անտեսմանը, քանզի վերջինս նկարչին հույզեր տվող աղբյուր է։ Եվ ահա կապված նրա հոբելյանի հետ նախատեսված են մի շարք միջոցառումներ ինչպես մեր երկրում,այնպես էլ նրա սահմաններից դուրս:Խոսենք մի հետաքրքիր միջոցառման մասին,որը կազմակերպել էին արվեստասեր ու ընթերցասեր հասարակության սիրված կրթօջախներից մեկում՝Հայաստանի ազգային գրադարանում սույն թվականի մարտի 29-ին:

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,արվեստագետներ,գրադարանային ոլորտի աշխատակիցներ՝մասնակցելու մի հետաքրքիր ցուցադրության ու զեկույց,որը նվիրված էր սիրված արվեստագետի հոբելյանին:Այս գեղեցիկ միջոցառումը տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր ծրագրի՝Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում,Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնում: Սիրված արվեստագետի մասին զեկույցով հանդես եկավ սիրված կրթօջախի արվեստի բաժնի աշխատակիցներից Հասմիկ Առաքելյանը։

Նա այնպես ներկայացրեց ու պատմեց սիրված մտավորականի մասին,կարծես լիներ նրա ժամանակակիցն ու գործունեության վկան:Զեկույցի ընթացքում նա լեդ-էկրանի վրա ներկայացրեց սիրված արվեստագետի կյանքին ու գործունեւթյան վերաբերող տարբեր փաստաթղթեր,լուսանկարներ ու նամակներ,որոնք գրել էին նրա ժամանակակից ինչպես հայ,այնպես էլ օտարազգի տարբեր մտավորականների ու մտածողների կողմից:Զեկույցը տեղի ունեցավ հարց ու պատասխանի, քննարկման աշխույժ մթնոլորտում:

Նյեութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր