Օրհասական պահ է, իշխանությունն ուզում է իր բերած աղետը հասցնել կուլմինացիայի․ Լևոն Քոչարյան
News.am-ը գրում է. Ընդդիմության պայքարը կհաջողի, եթե բոլորս հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված դրա հաջողությունը, այս մասին 168.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով կհաջողվի ընդդիմության պայքարն այս անգամ։
«Եթե բոլորս հասկանանք, որ դա ամեն մեկիցս է կախված, ապա, կարծում եմ, որ միանշանակ հաջողության կհասնենք, որովհետև իսկապես օրհասական ժամանակներն են, և այս իշխանությունն այս տարիների ընթացքում այն աղետը, որ բերեց, հիմա կարծես այդ աղետն ուզում են հասցնել ինչ–որ կուլմինացիայի։ Ուղղակի սրան իսկապես պետք է վերջ տալ»,– ասել է նա։
Լևոն Քոչարյանը նշել է,որ բոլոր պետք է հասկանան, որ սա չի արվում ինչ–որ մեկին իշխանության բերելու համար։ «Սա չի արվում ինձ համար, չի արվում Ձեզ համար, հարթակում կանգնած ինչ–որ մարդկանց համար, որոնց մի մասին շատ հնարավոր է, որ չեն սիրում՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով։ Պետք է հասկանանք, որ դա չէ նպատակը, նպատակը այս աղետն ուղղակի կանխելն է։ Այդ նպատակով պետք է դուրս գան, մի կողմ դնեն այդ անձնական հակակրանքները, ամբիցիաները և պարզապես զգալով, որ իրենց համար են դուրս գալիս, իրենց ապագայի, իրենց երկրի համար դուրս գան ու կանխեն։ Այդ դեպքում համոզված եմ, որ հաջողության կհասնեն»,– ասել է նա։
Հարցին, թե արդյոք Արցախի խորհրդարանի հայտարարությունը սթափեցնող կլինի ՀՀ իշխանությունների համար, Լևոն Քոչարյանը նախ ասել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ այդ հայտարարությանը, ապա հավելել է, թե չի կարծում, որ այս իշխանությունները կկաշկանդվեն որևէ հայտարարությունից կամ հետ կկանգնեն իրենց նպատակներից։
«Իրենք ունեն իրենց ծրագիրը, որը մեծ հաշվով չի տարբերվում Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրից, մենք դրա ականատեսն ենք լինում ․․․ Նրանց միայն կարող է կանգնեցնել մեր ժողովուրդը, հատկապես հայրենասեր հատվածը՝ փողոց դուրս գալով»,– ասել է Լևոն Քոչարյանը։