211652_close_icon
views-count1837 դիտում article-date 14:03 08-04-2022

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել հանրային սննդի օբյեկտներում ծխելու սահմանափակող օրենքի առնչությամբ, տնտեսավարողները, մասնագետները, ըստ էության, դեմ չեն հակածխախոտային քաղաքականությանը, սակայն օրենքում խնդիրներ են տեսնում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային քննարկմանը «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ 2 տարի սպասել են օրենքի ուժի մեջ մտնելուն:  Սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենց՝ տնտեսական առումով վատ կանխատեսումներն ի կատար են ածվել: «Օրենքի բոլոր անկատարությունները և թերությունները հիմա մեզ պարզ երևում են: Օրենքը պարունակում է կետեր և դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են: Տնտեսավարողը դրվել է ի սկզբանե մեղավորի դիրքում: Այսինքն՝ օրենքն իրականացնելու ճանապարհին չկա գործիքակազմ, որ տնտեսավարողը կարողանա այդ օրենքը կատարի»,-ասաց նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատեց. «Երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչպես համարվել այդ վիճակին, այլ, թե ինչ անեն օրենքը շրջանցելու ճանապարհներ գտնելու համար»:

Պիպոյանի խոսքով՝ այն օբյեկտներում, որտեղ օրենքը խախտվում է, մեծ ակտիվություն կա, իսկ այնտեղ, որտեղ օրենքը պահվում է, պասիվություն կա: «Այո, այն մարդը, որը երեխայի հետ գնացել է սրճարան, ստիպված կողքի սեղանների մարդկանց խնդրել, որ երեխայի մոտ չծխեն, այսօր կուրախանա, որ կա տեղ, որտեղ չեն ծխում: Եվ ոչ ոք չի ասում, որ մենք որպես պետություն հակածխախոտային օրենսդրության կարիք չունենք. այո, ունենք , և այս կարգավորումներն էլ իրենց շահառուներն ունեն: Խնդիրը նրանում է, որ պետք է կարողանանք այս ամենն անել ավելի մտածված ու ավելի ճիշտ»,-ասաց Պիպոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հավելեց՝ չի կարծում, թե որևէ մի հասարակություն դեմ կարող է լինել հակածխախոտային քաղաքականությանը, սակայն ուժի մեջ մտած ռեֆորմի մեջ ինքը խնդիրներ է տեսնում: «Նաև միջազգային փորձն է գալիս հուշելու, որ մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե նարգիլեի, թե սիգարի մասով, որը տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով: Բայց մյուս կողմից դա ազատ արտահայտվելու իրավունք է՝ նույնիսկ ինչ-որ իմաստով ի հաշիվ առողջության»,-ասաց Վարդևանյանը:

Ըստ պատգամավորի՝ ներկայում,  այդ թվում՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում, պետք է մտածել, թե ինչ անել հանրային սննդի օբյեկտների ոլորտն ավելի խթանելու, աջակցելու համար:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կարևորեց ներդրողների համար կանխատեսելիության ապահովումը: «Քանի որ օրենքն ընդունված է, դրույթները մտել են ուժի մեջ, առնվազն այս փուլում օրենքը պետք է թողնել անփոփոխ: Շատ տնտեսավարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը օրենքի շրջանակներին»,-ասաց նա:

Անդրադառնալով բացասական կարծիքներին՝ փոխնախարարն ասաց, որ իրենք էլ ունենք շատ դրական կարծիքներ ռեստորանների, ակումբների հաճախորդների, նաև տնտեսավարողների կողմից:

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ փակ տարածքներում չծխելու մասով կա կոնսենսուս: «Այսինքն՝ որևէ մեկը չի պնդում, որ փակ տարածքներում մարդիկ սկսեն ծխել»,-ասաց նա՝ հավելելով որ, սակայն, կարելի է քննարկել, թե որը համարել հանրային սննդի օբյեկտ, որը՝ ոչ:

Պատգամավորը հայտնեց, որ հիմա քննարկում են լիցենզավորվող գործունեություն սահմանելու տարբերակը, որի առաջարկը եղել է նարգիլե ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում: Նա վստահեցրեց, որ այդ մասին քննարկումներ կան: «Կա նաև մեկ այլ բլոկ՝ առողջապահական թևը, որը ավելի կարևոր է: Եվ երբեմն, երբ մենք շատ ենք սկսում միայն տնտեսական հարցերի վրա ուշադրություն դարձնել, ստացվում է, որ առողջապահությունն ենք մոռացել և հակառակը»,- ասաց Թունյանը՝ վստահեցնելով, որ լուծման տարբերակի դեպքում կլսեն տնտեսավարողների կարծիքը:

Նմանատիպ նյութեր