211652_close_icon
views-count2838 դիտում article-date 14:43 14-04-2022

Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի զեկույցի ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ նախորդ օրը իր ելույթին հետևած՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին:

«Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թթ տեղի ունեցող իրադարձությունների շղթան: Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա մեջբերեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:

Ապա վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին արձագանքել:

«Որովհետև այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականին իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, քանի որ միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական, ասում էր, որ ինքն այն ժամանակ 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ուզում էր մնալ վարչապետ՝ Ղարաբաղի հարցի համար: Ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է:  Բայց նույն ինքը մոռանում է՝ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար: Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալո՞ւ էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերից ևս մեկը, որով Սարգսյանն ասել է, որ երկար ժամանակ չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:  

«Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմական իրադրության հեղինակն ո՞վ է: Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Պատերազմը կարելի էր կանխել՝ Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,-ասաց նա:

Վերադառնալով փուլայինի, փաթեթայինի տրամաբանությանը՝ Փաշինյանն ասաց.

«Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբում՝ Ղարաբաղի հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր: 2016-ի փաթեթով էլ է այդպես, 2018-ի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի վրա շատ հստակ գրված է, որ նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսում է կառավարությունների միջև բանակցություններ՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ: ԼՂ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի էր առնվելու ԼՂ-ի հայեր և ԼՂ-ի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ-ի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին. չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, և ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, տարածքների մասին չեմ խոսում»:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի մասին հայտարարություններին՝ նա ասաց, որ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա, դա հետո պետք է քննարկվեր:

«Եվ դեռ այս փուլայինին մի փուլ էլ է ավելացել, Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակը: Մեզ այսօր ասում են, թե Ղարաբաղը հանձնեցինք, հանձնում ենք կամ ուզում ենք հանձնել: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև, եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանը շատ հստակ ասում էր, որ առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն 50 տարի կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, հետո 50-100 տարուց հետո կտեսնեն»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր