211652_close_icon
views-count1192 դիտում article-date 10:52 24-04-2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի´ հայրենակիցներ
Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը:

Ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդն իր մեջ ուժ է գտել կերտելու իր նվիրյալ որդիների երազած պետականությունը։ Ու չնայած բազմաթիվ ու բազմաբնույթ մարտահրավերներին ու դժվարություններին՝  այսօր նրա դրոշը փողփողում է բազմաթիվ երկրներում գործող դեսպանատների վրա:

Հայության վերածնունդն ու հաղթարշավը 20-րդ դարավերջին երկնել է Արցախի Հանրապետությունը: Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ մեր հերոսական ժողովուրդն իր պետականությունն է կերտում։

Պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքի շարունակությունն  էին  թերևս Ադրբեջանի սանձազերծած  արցախյան 3 պատերազմները։
Խոնարհվում ենք  հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների անմահ հիշատակի առջև։

Այսօր ժամանակը նոր մարտահրավեր է առաջ քաշել, և մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ, քան երբևէ:
Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու  հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ  կհաղթահարենք նաև այս մեկը: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում:
Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված երթը պետք է ընկալվի որպես երթ վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:
Աստված մեզ պահապան:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր