211652_close_icon
views-count1618 դիտում article-date 09:37 29-04-2022

Ռուսաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան կիրառում են լրատվամիջոցների զավթման ծայրահեղ միջոցներ. զեկույց․ «Ամերիկայի ձայն»

Եվրախորհրդի (ԵԽ) «Ի նպաստ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակ»-ը օրերս հրապարակել է «Մամուլի ազատության պաշտպանությունը լարվածության ու հակամարտությունների ժամանակներում» անունը կրող տարեկան իր զեկույցը: Այն ափմոփում է 2021թ.-ի ընթացքում ԵԽ-ի անդամ երկրներում արձանագրված խոսքի և մամուլի ազատության և լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԵԽ-ի «Ի նպաստ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակ»-ը ստեղծվել է ԵԽ-ի կողմից 2015 թ.-ին՝ իր մեջ ընդգրկելով խոսքի ազատության և լրագրողների պաշտպանության ասպարեզում գործող հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, կառույցներ և միություններ:

Հարթակի հրապարակված տարեկան զեկույցը պնդում է, որ անցած տարում ԵԽ-ի անդամ մի շարք երկրներում լրագրողները շարունակել են քրեական հետապնդումների ենթարկվել իրենց գործունեության համար: 2021թ.-ի դրությամբ ԵԽ-ի անդամ երկրներում կալանավորված են մնում 56 լրագրողներ կամ մամուլի ոլորտի աշխատակիցներ, որոնցից 34-ը՝ Թուրքիայում, յոթը՝Ռուսաստանի Դաշնությունում, տասը` Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական Ղրիմում, չորսը՝ Ադրբեջանում և մեկը՝ Միացյալ Թագավորությունում, ուր խոսքը Ջուլիան Ասանժի մասին է: Ըստ զեկույցի՝ այս ցուցանիշը զգալիորեն զիջում է 2020 թվականի վիճակագրությանը և կապված է Ադրբեջանում և Թուրքիայում անազատության մեջ գտնվող լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների պատժաչափերի ավարտման փաստի հետ: Դրա հետ մեկտեղ, զեկույցը տեղեկացնում է, որ 2021 թվականին 35 երկրներից ստացվել է 282 ահազանգ լրագրողների նկատմամբ բռնության և խոսքի ազատության խախտման մասին, որը 41%-ով գերազանցում է 2020 թ-ի ցուցանիշը: Անցած տարվա ընթացքում վեց լրագրողներ զոհվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, որոնցից չորսը եղել են ուղիղ թիրախավորված: Հարթակը մտահոգված է այս ցուցանիշներով:

Ըստ զեկույցի՝ այս միջադեպերի շուրջ 47% կապված է պետական գործիչների կամ պետական քաղաքականության հետ: «Աճող թվով երկրներում այս միջադեպերը պատահականություններ չեն: Դրանք բխում են կազմակերպված և կանխամտածված «հակաժողովրդավարական» մոդել պարտադրելու ռազմավարությունից, որն ամբողջապես խախտում է օրենքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքները», նշված է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ այս ավտորիտար և ակնհայտորեն «ոչ լիբերալ» կառավարություններն ամբողջապես չեն փակում հանրային տարածքն ազատ խոսքի համար, ինչպես վարվում էին նախկինի տոտալիտար վարչակարգերը: Այսօրվա ավտորիտար համակարգերը ձգտում են օգտագործել ձևավորված լրատվական դաշտը ի նպաստ սեփական շահերի՝ կիրառելով տարբեր տեսակի գործիքակազմ, ներառյալ լրատվամիջոցների զավթումն ու գումարային խրախուսումների միջոցով «կեղծ տեղեկատվության» տարածումը: Անկախ կամ այլախոհ լրագրողները հաճախ պիտակավորվում են որպես «դավաճաններ» կամ ժողովրդի թշնամիներ։ Վերջիններս թիրախավորվում են ազգային անվտանգության մարմինների, հարկային տեսչությունների կամ այլ կառույցների կողմից: Նրանց նկատմամբ, ըստ զեկույցի, կիրառվում է խտրականություն պետական ֆինանսավորման, գովազդի բաշխման հարցերում, կամ նրանք հայտնվում են կեղծ տեղեկության տարածման մասին օրենսդրության թիրախում, որը հաճախ ընդունվում է այլախոհության և ազատ խոսքի ճնշման համար: Որպես օրինակ զեկույցը հիշեցնում է 2021 թվականի հոկտեմբերին Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը Rappler առցանց լրատվական կայքի հիմնադիր Մարիա Ռեսսանին և «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին: Վերջիններս երկար տարիներ ճնշումների են ենթարկվում պետական մարմինների կողմից:

Զեկույցը հաղորդում է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան լայնորեն օգտագործում են լրատվամիջոցները զավթելու միջոցը՝ այսպիսով հաստատելով գերիշխող դիրք լրատվական դաշտում ու քարոզչության ոլորտում: Արդյունքում, ըստ զեկույցի, այս երկրների լրատվական դաշտը բաղկացած է պետական լրատվամիջոցներից, ինչպես նաև անվանապես այսպես կոչված անկախ ԶԼՄներից, որոնք բոլորն էլ գործնականում հանդիսանում են պետական քարոզչամեքենայի մի մաս, գրում է զեկույցը: Փոքր թվով ու համեստ հնարավորություններով անկախ լրատվամիջոցներ պահպանվում են՝ բազմակարծության տպավորություն ստեղծելու համար, գտնում է զեկույցը՝ շեշտելով, որ այսօր Ռուսաստանում վտանգի տակ են անգամ այս փոքրաթիվ անկախ լրատվամիջոցները, որոնց պետությունը որակում է որպես «օտարերկրյա գործակալներ»՝ հենվելով համապատասխան հակասական օրենքի դրույթների վրա:

Զեկույցն անդրադառնում է նաև կորոնավիրուսային համավարակի ընթացքում մամուլի նկատմամբ պետությունների կիրառած սահմանափակումներին և լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը: Հասարակական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են, մասնավորապես՝ ընդդեմ Covid-19 սահմանափակումների հանրահավաքներն ու բողոքի ցույցերը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 32 միջադեպ, այդ թվում Հայաստանում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում, Չեռնոգորիայում, Սերբիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Նիդեռլանդներում, Թուրքիայում և Ուկրաինայում: Լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգության հետ կապված մտահոգությունն այդ ժամանակ այնքան է մեծացել, որ որոշ դեպքերում լրագրողներն ու լրատվամիջոցների աշխատակիցները հրաժարվել են իրադարձության վայրում մամուլի պատկերանշաններ ցուցադրելուց:

Նմանատիպ նյութեր