211652_close_icon
views-count1305 դիտում article-date 16:38 03-05-2022

Հայաստանում ասթմայով մոտ 5560 պացիենտ կա, որոնցից 14%-ը 0-14 տարեկան երեխաներ են

Հայաստանում ասթմայով մոտ 5560 պացիենտ կա, որոնցից 14%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Մայիսի առաջին երեքշաբթին նշվում է` որպես Բրոնխային ասթմայի համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից այն անցկացվում է 1998 թվականից ամեն տարի աշխարհի ավելի քան 80 երկրում:

Այս տարվա կարգախոսն է` «Լրացնել ասթմայի խնամքի բացթողումները»: Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել այս հիվանդության նկատմամբ, բարձրացնել բնակչության տեղեկացվածության աստիճանը, դրա բուժման ու ախտորոշման ուղիների նկատմամբ, ինչպես նաև բարելավել ասթմա ունեցող մարդկանց կյանքը:

Բրոնխային ասթման ընդգրկված է հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների խմբում: Այն օդատար շնչառական ուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, հիմնական կլինիկական նշանը արտաշնչական շնչարգելության նոպան է: Ասթմայի ախտանիշներից են նաև հազը, խզզոցները և կրծքավանդակում դիսկոմֆորտը: Այս ախտանիշները պարոքսիզմալ են և հաճախ սրանում են գիշերային ժամերին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին բրոնխային ասթմա ունեցող անձանց թիվը կազմել է շուրջ 262 միլիոն, շուրջ 300 միլիոն մարդ ներկայումս ունի ասթմա, 2019 թվականին այս հիվանդությունից արձանագրվել է 461.000 մահվան դեպք:  

 Բրոնխային ասթման երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդությունն է: Ավելի հաճախ հիվանդանում են մինչև 15 տարեկան երեխաները (հատկապես տղաները): Առաջին նշանները կարող են դիտվել 1-7 տարեկանում, 15-30 տարեկանում հիվանդանալու հավանականությունը նվազում է, իսկ 40 տարեկանից հետո  կրկին մեծանում, ընդ որում` մինչև  65 տարեկան  կանանց շրջանում հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց շրջանում:

2020 թվականին ՀՀ բնակչության ընդհանուր հիվանդացությունն ասթմայով և ասթմատիկ ստատուսով կազմել է 5565, որից 14%-ը կազմել են 0-14 տարեկան երեխաները և  3.6%` 15-17տարեկան երեխաները: ՀՀ-ում ասթմայով և ասթմատիկ ստատուսով դիսպանսերային հսկողության տակ գտնվող 0-14 տարեկան պացիենտների թիվը 1995 թվականից 2010 թվականն աճել է 42%-ով, իսկ 2010 թվականից  2020 թվականը` 46%-ով:

Բրոնխային ասթմա հիվանդությունը բուժում չունի, սակայն ինհալացիոն դեղամիջոցներով հնարավոր է վերահսկել հիվանդությունը և թույլ տալ ասթմա ունեցող անձանց վարել նորմալ, ակտիվ կյանք: Բուժման համար կիրառվում են երկու խումբ դեղորայքներ` բրոնխալայնիչներ, որոնք լայնացնում են շնչուղիները և թեթևացնում ախտանիշները և ստերոիդներ, որոնք նվազեցնում են շնչուղիների բորբոքումը: Ինհալատորների օգտագործումը բարելավում է ասթմայի ախտանիշները և նվազեցնում ծանր նոպաների և մահվան վտանգը:

Բրոնխային ասթմայի սրացում առաջացնող ռիսկի գործոններն են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գրգռող գազերը, օդի աղտոտվածությունը, ակտիվ և պասիվ ծխելը, եղանակային գործոնները, շնչառական համակարգի ինֆեկցիաները, հղիությունը, որոշակի դեղորայքի և սննդամթերքների ընդունումը: Ծխախոտի ծխի ազդեցության նվազեցումը կարևոր է ինչպես ասթմայի առաջնային կանխարգելման, այնպես էլ հիվանդության կառավարման համար: Բրոնխային ասթմա ունեցող անձանց մոտ, ովքեր չեն ստանում պատշաճ բուժում, կարող են զարգանալ քնի խանգարումներ, օրվա ընթացքում հոգնածություն և ուշադրության կենտրոնացման նվազում:

Նմանատիպ նյութեր