211652_close_icon
views-count5475 դիտում article-date 13:43 06-05-2022

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում ուսումնասիրվել են Քաջարանի հանքաքարի մանրէաբանական տարրալուծման հնարավորությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պղնձի պորֆիրային ցածրորակ (0,63-0,77%) հանքաքարի մանրէաբանական տարրալուծման հնարավորությունները և պղնձի կենսակորզման գործընթացի արդյունավետությունը:
 
Ուսումնասիրություններն իրականացվել են «Մանրէային կոնսորցիումների ստացում, ուսումնասիրում և կիրառում առաջնային և երկրորդային հումքերից պղնձի և այլ արժեքավոր մետաղների արդյունավետ կենսակորզման գործընթացումներում» թեմայի շրջանակներում՝ Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանի ղեկավարմամբ:
 
«Աշխարհում պղնձի հարուստ պաշարների սպառման հետ մեկտեղ աճում է հետաքրքրությունն աղքատ՝ պղնձի ցածր պարունակությամբ (0,2-2,0%) հանքաքարերի նկատմամբ: Նշված  հանքաքարերի շահավետ  և շրջապատող միջավայրի համար անվտանգ եղանակ է հանդիսանում մանրէաբանական տարրալուծումը: Այս մեթոդն առավել հեռանկարային է աղքատ հանքաքարերի, հանքաթափոնների և պոչանքների համար, որոնց մշակումն ավանդական հրամետալուրգիական եղանակով շահավետ չէ և մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար», - ասաց Նարինե Վարդանյանը:
 
Կենսատարրալուծման ժամանակակից բարձրարդյունավետ և բնապահպան եղանակը մետաղների ստացման նպատակով Հայաստանում դեռևս չի կիրառվում:  Այդ նպատակով հետազոտություններ են իրականացվել` ուսումնասիրելու համար մետաղները տարրալուծող բակտերիաների բազմազանությունը և տարածվածությունը Հայաստանի և Արցախի պղնձի հանքավայրերի բիոտոպերում:
 
«Հայաստանում Քաջարանի և Արցախում Կաշենի հանքավայրերից մեկուսացվել են մետաղներ տարրալուծող բակտերիաներ: Ուսումնասիրվել են մեկուսացված բակտերիաների   ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, կայունությունը ծանր մետաղների նկատմամբ, սուլֆիդային ապարները քայքայելու ունակությունը: Ուսումնասիրվել են նաև ֆիզիկաքիմիական, տեխնոլոգիական գործոնների ազդեցությունը մեկուսացված բակտերիաների և նրանց համակեցությունների կողմից պղնձի կենսատարրալուծման գործընթացի վրա: Կենսատարրալուծման մնացորդների ապարագիտական հետազոտությունների արդյունքները թույլ են տվել բացահայտել հանքաքարի տարրալուծման մեխանիզմը: Ստացված տվյալների հիման վրա մշակվել են Քաջարանի հանքաքարից կենսատարրալուծման գործընթացի գիտական հիմունքները, ստեղծվել են մետաղներ տարրալուծող բակտերիաների հարուստ հավաքածու և տվյալների շտեմարան, ինչը հնարավորություն է ընձեռում առավել ակտիվ շտամների հիման վրա մշակել արդյունավետ և կայուն մանրէային համակեցություններ` կոնկրետ որոշակի հանքային հումքի մշակման համար», - ասաց Նարինե Վարդանյանը։
 
Գիտական աշխատանքն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Արդյունքները հրապարակվել են Springer-ի կողմից հրատարակված երկու գրքերի գլուխներում (9, 10), 8 գիտական հոդվածներում, որոնք տպագրվել են Web of Science գիտատեղեկատվական շտեմարանում հաշվառվող և ազդեցության գործակից ունեցող ամսագրերում:
 
Կատարված գիտական հետազոտությունները բարձր են գնահատվել ՀՀ Գիտության կոմիտեի կողմից: Նարինե Վարդանյանը և ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արևիկ Վարդանյանը 2021թ-ին ճանաչվել են որպես գիտական թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներ:
 
Գիտական հետազոտությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել գերմանացի գործընկերների մոտ: Նրանց հրավերով Նարինե Վարդանյանը և գիտաշխատող Աննա Խաչատրյանը 2021թ-ին գործուղվել են Գերմանիայի Դաշնության Մարտին-Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարան: Երկու ամիս տևողությամբ ուսումնասիրություններ են իրականացվել պղնձի հանքաքարի կենսատարրալուծման ուղղությամբ համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի բաժնում, Միկրոբիոլոգիայի ինստիտուտում և Երկրագիտության ինստիտուտում՝ դոկտոր Սաբինե Վիլչերի հետ համատեղ։ Գերմանացի գործընկերների հետ քննարկվել են Հալլե-Վիթենբերգի համալսարանի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունները:
 
Չինական կողմի նախաձեռնությամբ 2021թ-ին գիտական արդյունքների փոխանակման և համատեղ հետազոտությունների ծրագիր է հաստատվել նաև Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Օվկիանոսագիտության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա»-ի միջև՝ «Մետալուրգիական խարամներից գունավոր մետաղների տարրալուծման և միկրոօրգանիզմների, դրանց համակեցությունների և իմոբիլիզացված ձևերի միջոցով կենսալուծույթների վերականգնման գործընթացների ուսումնասիրությունը» թեմայի վերաբերյալ:
 

Նմանատիպ նյութեր