211652_close_icon
views-count2038 դիտում article-date 23:14 06-05-2022

Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպիսի՞ն էր Երևանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, քաղաքային կյանքը, տրամադրությունները, շքերթներն ու Հաղթանակի օրվա տոնախմբությունները. Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակին: 

Ցուցահանդեսը նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Երևանի պատմության թանգարանը՝ Քաղաքապետարանի և Կարեն Դեմիրճյանի անվ․ մետրոպոլիտենի աջակցությամբ:  

Լուսանկարներում ներկայացված է Երևանը պատերազմական տարիներին, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների պորտրետներ։ 

Ցուցահանդեսին մասնակցում էին Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, Խորհրդային Հայաստանի վաստակավոր մանկավարժ, ՀՀ պատերազմի և զինված ուժերի կոմիտեի կանանց խորհրդի նախագահ Ռոզալյա Աբգարյանը և այլ հերոս-վետերաններ, որոնք ներկաներին պատմեցին իրենց մասնակցությամբ պատերազմական տարիների հերոսական դրվագները:
«Մեզանից յուրաքանչյուրը մասնակցել է դաժան ու արյունալի մարտերի, զգացել ենք պատերազմի ցավն ու դժվարությունները, անցել է 77 տարի, բայց հիշում ենք մեր յուրաքանյուր հաղթանակ: Ի դեպ, առաջին անգամ ենք մասնակցում Հաղթանակի օրվա միջոցառման, որը տեղի է ունենում մետրոպոլիտենում, այն էլ «Մարշալ Բաղրամյան» կայարանում», - պատմեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը: 

«77-րդ տարին անընդմեջ հպարտությամբ, ջերմությամբ, սիրով և հարգանքով նշում ենք Հաղթանակի օրը: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը իր ուժի շնորհիվ կշարունակի մնալ այն հաղթանակած ժողովուրդը, որը միշտ եղել է»,- ասաց գնդապետ Պետրոս Պետրոսյանը:
«Մեծ Հայրենական Հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ ստեղծել ենք արժեքավոր ցուցադրություն, լուսանկարներից յուրաքանչյուրը մեծ խորհուրդ ունի: Երևանցիները ամեն օր մետրո նստելիս կարող են տեսնել, թե ինչպիսին էր կյանքը պատերազմական տարիներին, ինչպես են երևանցիները օգնել առաջին գծին, ինչպես են ապրել: Ականատեսները անգամ կարող են վերհիշել այդ օրերը: Ցուցադրված են նաև հերոս-վետերանների լուսանկարներ, որոնց սխրանքները հավերժացվել է Հայաստանի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ: Վետերանները կյանքի գնով պաշտպանել են հայրենիքը և յուրաքանչյուր նման միջոցառում հարգանքի տուրք է նրանց կատարած հերոսության համար», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

«Այսօր մենք հպարտության և երախտիքի հատուկ զգացումով ենք նշում մեր պապերի և հայրերի անգնահատելի սխրանքը։ Նրանք ռազմաճակատում և թիկունքում անձնվիրաբար հաղթանակ են կերտել հանուն ապագա սերունդների: Եվ այսօր` գլուխ խոնարհելով պատերազմի բոլոր զոհերի հիշատակի առաջ, մեր պարտքն է հոգ տանել բոլոր նրանց, ովքեր անցնելով պատերազմների բովով, մեր կողքին են: Խորհրդանշական է, որ այսօրվա ցուցահանդեսը ներկայացված է մետրոպոլիտենի հենց  «Մարշալ Բաղրամյան» կայարանում, քանզի անուրանալի են Հայրենական մեծ պատերազմին հայ զինվորների ու սպաների` շարքայինից մինչև գեներալ ու մարշալ կատարած սխրանքները»,-ասաց Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը: 

«Մարշալ Բաղրամյան» կայարանում ցուցադրված են Երևանի պատմության թանգարանի արխիվից ավելի քան 20 լուսանկարներ, փաստաթղթեր ու նամակներ, որոնք երևանցի հերոսները ռազմաճակատից ուղարկել են իրենց մտերիմներին: 

«Հատկանշական է, որ Երևանը Մեծ Հայրենական պատերազմում ունեցել է չորս սովետական միության հերոս: Քչերին է հայտնի, որ Երևանում է ապրել և դպրոցը ավարտել  սովետական միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը: 10.000-ից ավելի  երևանցիներ խիզախության համար արժանացել են տարբեր շքանշանների ու մեդալների: Երևանի պատմության թանգարանում կան հազարավոր նյութեր Հայրենական պատերազմի մասին: Հավերժ երախտապարտ ենք. վետերանների հայրենասիրությունը բոլորիս համար կենդանի օրինակ է», - նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սահակյանը: 

Երևանի պատմության թանգարանի աշխատակիցը հյուրերի համար անցկացրեց շրջայց՝ ներկայացնելով թանգարանի արխիվից ցուցադրված լուսանկարների պատմությունը։  Լուսանկարները «Մարշալ Բաղրամյան» կայարանում ներկայացված կլինեն մինչև մայիսի 31-ը։ 

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով նշում է Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակը, տոնական միջոցառումները շարունակվելու են:  
                                                                      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր