211652_close_icon
views-count1338 դիտում article-date 10:56 07-05-2022

Շուշին ժողովրդի և պետականության վերածննդի խորհրդանիշ է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հաղթանակները երբեք չեն կորսվում, դրանք ձեռք են բերվում անգնահատելի կորուստների, զրկանքների գնով եւ ժողովուրդների պատմության մեջ մնում են հավերժ: Մայիսի 9-ն ընդմիշտ հայ ժողովրդի պայքարող ոգու, միասնականության եւ հզորության խորհրդանիշն է լինելու: Այն վերջին հազարամյակի մեր փայլուն հաղթանակներից է եւ ոսկե տառերով էլ կմնա Հայոց նորագույն պատմության էջերում:

Շուշին լոկ քաղաք կամ հողակտոր չէ, որն ազատագրում կամ ժամանակավորապես կորցնում ենք, այն մի ողջ ժողովրդի եւ նրա պետականության վերածննդի խորհրդանիշ է: Վերագտածն այլեւս ազգային արժեք է եւ չի կարող կորսվել: Պատմության տարբեր փուլերում ժողովուրդների առաջընթացում մակընթացություններ եւ տեղատվություններ են լինում, բայց նրա շարժման հաղթական ալիքը միշտ էլ խփելու է շրջապատող ապառաժներին՝ կերտելով իր հարատեւության քանդակը:

Անկախ այն բանից, թե Ղազանչեցոց եկեղեցու գմբեթն ինչ տեսք կստանա պատմության տարբեր փուլերում, այն միշտ լինելու է հայինը եւ հավերժ վկայելու է Շուշիի ու Արցախի հայկականությունը: Շուշիի կենտրոնում այն իմաստավորվել է 1920 թ. 20 հազար նահատակներով, առաջին արցախյան ազատամարտի 6 հազար զոհերով, ապրիլյանի հերոսներով: Սուրբ Ամենափրկչի խորհուրդը նորովի իմաստավորեցին 44-օրյա պատերազմի զոհ 4000-ից ավելի լուսավոր տղերքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր