211652_close_icon
views-count129612 դիտում article-date 21:43 08-05-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. УАЗ-ը մոտ 600 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. 4 վիրավորներին, որոնցից մեկը էլցանցի մասնաճյուղի տնօրեն է, ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը, իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր վիրավորներին մեծ դժվարությամբ ճոպաններով և փրկարարական ամենագնացով դուրս են բերել վթարի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբին, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Անտոնյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Յու. Սողոմոնյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի տնօրեն:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր