211652_close_icon
views-count792 դիտում article-date 10:27 10-05-2022

Ինչո՞ւ չի սկսվում «խաղաղության դարաշրջանը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտավորապես 2010-ական թվականներին արեւմտյան ինտելեկտուալների շրջանում բանավեճ էր ծավալվել, թե արդյոք 21-րդ դարում, ընդհանուր առմամբ, իջե՞լ է կամ իջնելո՞ւ է բռնության մակարդակը՝ նկատի ունենալով թե՛ պետությունների միջեւ պատերազմները, եւ թե՛ ներքին քաղաքացիական բախումները: Կային լավատեսներ, որոնցից էին, օրինակ, ամերիկացի Սթիվեն Փինքերը եւ իսրայելցի Յուվալ Նոյ Հարարին, որը, մասնավորապես, պնդում էր, որ խոշոր պետություններն այլեւս խիստ անհրաժեշտություն չունեն իրար վրա հարձակվելու, ու ամեն ինչ տեղափոխվել է տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցության ոլորտ: (Փոքր-ինչ տարօրինակ էր դա լսել Հարարիից, եթե հաշվի առնենք, թե որ տարածաշրջանից է այդ պատմաբանը):

Ճիշտ դուրս եկան նրանք, ովքեր պնդում էին, որ բռնության մակարդակը ո՛չ իջել է, ո՛չ էլ իջնելու է, ու ոչ մի «խաղաղության դարաշրջան» էլ չի սկսվել: Նրանց թվում էր ԱՄՆ-ում ապրող, լիբանանյան ծագում ունեցող գրող ու ֆինանսիստ Նասիմ Թալեբը, որի ամենահայտնի գիրքը կոչվում է «Սեւ կարապ»՝ դա անսպասելի եւ չհաշվարկված աղետի խորհրդանիշն է:

Մեզ համար աղետը եկավ 2020 թվականին, եւ այդ պահին շատերին աշխարհում թվաց, թե դա «տեղական նշանակության» ինչ-որ ռազմական բախում էր: 2022-ին Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, որը տեւում է արդեն 75 օր, եւ դրա ծայրն առայժմ չի երեւում: Միանալով հոռետեսներին՝ ինձ թույլ կտամ ենթադրել, որ Ուկրաինայով ամեն չի ավարտվի:

Իհարկե, մեծ է գայթակղությունը ձեւ անելու, թե իբր աշխարհում ամեն ինչ իդեալական էր, բոլոր ազգերն ապրում էին կատարյալ ներդաշնակության մեջ, եւ հանկարծ հայտնվեց մի խելագար՝ Պուտին ազգանունով, որն աշխարհը խառնեց իրար: Բայց դա չափից դուրս պարզունակ, կասեի անգամ՝ իրականությունը խեղաթյուրող պրիմիտիվիզմ է: Բավական է հիշեցնել մի կողմից 2003 թվականի ներխուժումը Իրաք, 2008-ին Կոսովոյի անկախության ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ Պուտինի մտերիմ օլիգարխները վերջին 22 տարում հարստանում էին Ռուսաստանից դուրս բիզնեսով զբաղվելով եւ ներդրումներ անելով՝ նրանք համագործակցել եւ համագործակցում են գերմանացի, բրիտանացի եւ մասամբ նաեւ ամերիկացի գործարարների հետ, իսկ այդ երկրների բարձր իշխանավորներն արտահայտում են հենց այդ գործարարների շահերը: Այնպես որ` պետք չի մի կողմին իդեալականացնել, իսկ մյուսին՝ դեմոնացնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր