211652_close_icon
views-count1055 դիտում article-date 15:40 13-05-2022

Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների 2022-24 թվականների ռազմավարությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը:

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը ներկայացրեց Կարեն Անդրեասյանը:

«Երևի չափազանցություն չի լինի նշել, որ այս փաստաթուղթը մեր պետության կարևոր փաստաթղթերի հնգյակում է, նույնիսկ՝ Սահմանադրությունից հետո: Ես այսպիսի գնահատականով եմ սկսում, որովհետև ուզում եմ այս ռազմավարության հատուկ ենթատեքստը բացատրել:

Այս ռազմավարության մեջ նշված են բազմաթիվ այն խնդիրներ: Ի դեպ, շատ օբյեկտիվ ախտորոշված են ամբողջ կառավարման համակարգի խնդիրները՝ բոլոր հարթություններում) և դրանց բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլերով»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ ըստ ռազմավարության՝ 4 ուղղություններով է լինելու աշխատանքը:

«Առաջինը հանրային ծառայությունների ոլորտն է: Հատվածական արդեն իսկ մեր երկրում տեղի են ունեցել բազմաթիվ հանրային ծառայությունների բարելավումներ: Տարբեր կառույցներ, տարբեր նախարարություններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, միասնական կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը: Կան շատ երկրների փորձը, որտեղ բոլոր ծառայություններն են միավորված: Դրանք պատշաճ թվայնացված են, դրանց կառավարումը հասցված է մաքսիմում լավագույն վիճակի, որպեսզի մարդը կարողանա մեկ աղբյուրից, մեկ տեղից օգտվել բոլոր հանրային ծառայություններից և չգտնվել այդ քաշքուկների մեջ: Այս ռազմավարությունը կարևոր լուծումներ է հաղորդում կարևոր հենասյուներից մեկին:

Մյուս կարևոր խնդիրը մարդկային ռեսուրսն է: Վստահ եմ՝ դահլիճում գտնվող մեր բոլոր գործընկերները բախվել են խնդրի հետ, երբ կան լավ կադրեր, բայց չես կարողանում ներկայիս քաղաքացիական ծառայության կանոնակարգումներով ներգրավվել: Եվ ճիշտ հակառակը՝ ժամանակին եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ և ստեղծել են քաղծառայության համակարգը, բայց այն բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավվում և չի կատարելագործում այն կադրերին, որոնք մեզ պետք են մեր բոլորի աշխատանքներն իրականացնելու համար: Օրինակ՝ պարգևատրումների կարգը այսօր որոշ դեպքերում դարձել է աշխատավարձի հավելավճար: Դա պետք է, որովհետև, հակառակ դեպքում, ուղղակի չենք ունենա հանրային պետական ծառայողներ, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է հասկանանք և գտնենք ձևերը: Այս ռազմավարությունը հստակ տալիս է այդ լուծումները, թե ինչպես պարգևատրել, ինչպես խրախուսել իսկապես արժանավորներին և ինչպես կարողանալ հետաքրքիր դարձնել պետական հանրային ծառայությունը՝ մասնավորի հետ մրցակցության պարագայում:

Հաջորդն ինստիտուցիոնալ արդիականացումն է: Շատ հաճախ քաղաքական գործիչը, նշանակվելով պաշտոնի, ունենալով բարի և լավ ցանկություններ՝ ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլ նաև տեղ-տեղ նույնիսկ սկսում է խոչընդոտել: Կա նաև հորիզոնական հարաբերությունների զարգացման խնդիր, ճիշտ կապերի կառավարման և ամբողջը իրականացնելու համար դարձյալ ռազմավարությունն և ախտորոշում է պետք:

Չորրորդ ուղղությունը քաղաքականություն ընդունելու  ռազմավարական մոտեցումն է: Մենք արդեն, որպես Կառավարություն, մի քանի տարի է՝ գնում ենք այնպիսի ճանապարհով, որ հնարավորինս այսրոպեական չլինեն որոշումները, այլ լինեն ռազմավարությունների մաս, բայց նույնիսկ դա համակարգման և էլ ավելի կատարելագործման կարիք ունի»,- եզրափակեց Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր