211652_close_icon
views-count862 դիտում article-date 15:43 09-02-2023

Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ռազմավարությունը կազմվել է համապարփակ ուսումնասիրության արդյունքում:

«Հիմնականում ռազմավարությունը երկու ուղղություն է թիրախավորում. առաջինը առողջությանն ուղղված ոլորտն է և առողջության բարեփոխմանն ուղղված հիմնախնդիրներն ու դրանց լուծումներն են և առողջապահական համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղություններն են: Մեր ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ, կյանքի որակի բարելավում: Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են, և, մեր կարծիքով, օգնելու են, որ առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն այն խնդիրներին, որոնք վրա են հասել, այլև ուղղված լինի նրան, որ ծնված օրվանից հոգ տանենք առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերվենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի մարդու շուրջը, որպեսզի աջակցի այդ ռեսուրսները պահպանելուն և մարդկային կապիտալի պոտենցիալը լավագույնս դրսևորելուն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում ռազմավարական մակարդակում ուշադրություն է դարձվել նաև տարեցների առողջության հիմնախնդրին:

Անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը՝ նախարարը նշեց, որ այն կփոխի ամբողջ համակարգի ֆինանսավորման մեխանիզմները և կնպաստի, որ դրանք ուղղված լինեն ավելի ծախսարդյունավետ, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը և դրանց հասանելության մեծացմանը:

Նմանատիպ նյութեր