211652_close_icon
views-count1181 դիտում article-date 16:38 20-05-2022

Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Վարդան Քալանթարյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հուշագիրը նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարին համագործակցության համար՝ հուշարձանների պահպանության գործում կարևորելով մասնավոր հատվածի աջակցությունը պետությանը:

Բարերար Վարդան Քալանթարյանը նշել է, որ ծնունդով Չորաթան գյուղից է, և եկեղեցու վերականգնման աշխատանքներին ուղղված քայլերը նախաձեռնել է դեռևս 2014 թ.-ից: Վերականգնման նախագիծն արդեն համաձայնեցվել է, բացվել է խորանը, պեղումներն իրականացվել են, և դրանց արդյունքում պարզվել է՝ 16-րդ դարով թվագրվող եկեղեցին իրականում 13-րդ դարի կառույց է:

«Ամենայն հարգանք տածելով մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ՝ հինը պետք է պահպանենք և ավելացնենք նորը»,- ասել է բարերարը՝ հավելելով, որ այս ընթացքում եկեղեցու հարակից տարածքը ձեռք է բերվել, և վերականգնումից հետո եկեղեցին կդառնա գործող՝ շահագրգիռ բոլոր կողմերի նախնական համաձայնությամբ:

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ, հետագայում բարերարի ջանքերով այն գրանցվել է համայնքի անունով: Տարածքում նախատեսվում է կառուցել նաև զանգաշտարակ և հոգևորականի կացարան:

Նմանատիպ նյութեր