211652_close_icon
views-count1329 դիտում article-date 15:50 10-06-2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում վանդալիզմի դեպքերին. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համատեղ կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ համերգ-երեկո, որին, ի թիվս հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ երաժշտասերների, ներկա էին դեսպաններ, սենատորներ, պատգամավորներ, կրոնական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ անվանի անձինք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած համերգ-երեկոյի սկզբում բացման ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելով՝ Հայաստանն արտահայտել է իր մշակույթի ավանդը մարդկության ժառանգության մեջ։ Սակայն, այդ անդամակցությունը մենք պետք է նաև գնահատենք կազմակերպության գործունեությանը երկրի մասնակցությամբ։ Այս տարիների ընթացքում Հայաստանը լիովին ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրագործման և այն համամարդկային արժեքների տարածման գործում, որոնց երաշխավորն է հանդիսանում։

Մենք մտահոգությամբ ենք հետևում հակամարտային տարածաշրջաններում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին, 1998-2005թթ․ ընթացքում Նախիջևանի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերին։ Նույնիսկ այսօր, հակառակ գլխավոր տնօրենի ջանքերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է և ականատես է լինում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող ավերածություններին և վանդալիզմի այլ դեպքերին։ Այո, պետք է ամեն ինչ անել վտանգված ժառանգությունը փրկելու համար»,- իր ելույթում նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆիրմին Էդուարդ Մատոկոն էլ իր հերթին արձանագրեց․

«Հայաստանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորող վստահության և համերաշխության կապերն արժեքավոր են, և անդադար ամրապնդվող համագործակցությունը դրա վկայությունն է։ Երեք տասնամյակ Հայաստանը մեր կողքին հաստատակամորեն ներգրավված է ի շահ համամարդկային արժեքների և այնպիսի համընդհանուր արժեքների պաշտպանության, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, գիտությունը, հաղորդակցությունը և տեղեկատվությունը։ Հայաստանն ակտիվ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության շրջանակի բոլոր բնագավառներում։ Այդ սերտ համագործակցությունը նաև արտահայտվում է առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին Հայաստանի անդամակցությամբ՝ մինչև 2025թ․»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է.

«Հայ ժողովուրդը, ինչպես գիտեք, սեփական պատմական փորձից ծանոթ է հոգևոր և մշակութային արժեքները կորցնելու ողբերգական երևույթին։ Ցավոք, այսօր ևս մենք առերեսվում ենք այդ արժեքների շարունակական խեղաթյուրման, յուրացման և ոչնչացման դեպքերին, որոնք նույնիսկ տեսագրվում և սոցիալական ցանցերում հրապարակվում են իրագործողների կողմից:

Լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առաջատար միջազգային մարմին, միջազգայնորեն իրեն վերապահված մանդատի շրջանակներում ջանք չի խնայի՝ ապահովելու Արցախի հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը»:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան ֆրանսահայ հանրահռչակ երաժիշտներ Անդրե Մանուկյանը և Պատրիկ Ֆիորին, ինչպես նաև՝ Հայաստանից ժամանած տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներ Անի Մելիքյանը, Արթուր Գրիգորյանը և Արմեն Պուչինյանը։

Ելույթներին զուգահեռ ցուցադրվեց հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարների շարք, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում, ինչպես նաև՝ «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում   ներառված մշակութային արժեքները և վայրերը։

Համերգ-երեկոն կայացավ ջերմ և անմիջական մթնոլորտում։

Նմանատիպ նյութեր