211652_close_icon
views-count1073 դիտում article-date 10:51 11-06-2022

Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես մյուս, այնպես էլ Հրազդանի ՋԿՏ-ում աղտոտման կետային աղբյուրներից խոսելիս առաջինը կեղտաջրերին ենք անդրադառնում։ 2018 թ. հունվարի դրությամբ, տարեկան հեռացվող կեղտաջրերի ծավալը 1301.8 մլն խմ է, որից 201.12 մլն խմ-ն՝ կենցաղային կեղտաջրեր։ Միայն կոյուղաջրերը կազմել են 123.38 մլն խմ։ Արդյունաբերական եւ կենցաղային կեղտաջրերի 90-95 տոկոսը չի հավաքվել եւ չի մաքրվել։ Եվ այս կեղտաջրերը միանգամից թափվում են ջրային ռեսուրսի մեջ, քանի որ կեղտաջրերի մաքրման կայանները չեն աշխատում պատշաճ կերպով, ինչպես նաեւ կեղտաջրերի խողովակները բավականին մաշված են եւ հիմնանորոգման կարիք ունեն։

Հրազդանի ՋԿՏ-ում է «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը, որտեղ կենտրոնացվում են Երեւանի, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի, Զովունու, Նոր Հաճնի, Բյուրեղավանի եւ այլ հարակից փոքր գյուղերի կոմունալ-կենցաղային կեղտաջրերը։ «Աերացիան» 1970-ականներին է կառուցվել եւ վատթար վիճակում է։ Կայանի հզորությունը օրական 480 հազ. խմ է, իսկ կայան մտնող կեղտաջրերի օրական ծավալը՝ մոտ 217 հազ. խմ։ Գործում է ոչ լիարժեք՝ իրականացնելով մասամբ մեխանիկական մաքրում։ Մաքրման ընթացքում առանձնացվում են միայն խոշոր աղբն ու ավազը, մնացածը Գեղանիստ գյուղի հատվածում լցվում է Հրազդան գետ։

Ճիշտ է՝ 2017 թ. կառուցվել են ոչ միայն մեխանիկական մաքրման, այլեւ տիղմի մշակման կառուցվածքներ, սակայն դրանք դեռ չեն շահագործվում: Այս ՋԿՏ-ում կենցաղային կեղտաջրերն ամբողջությամբ չեն կոյուղացվում, իսկ կոյուղատարներում առկա են մեծ կորուստներ, ինչը բերում է կեղտաջրերի ցրման եւ գետի ջրի որակի վրա կետային ազդեցության պայմանականորեն նվազման:

Ինչ վերաբերում է այս ՋԿՏ-ում սննդի եւ ոչ սննդի արդյունաբերության կեղտաջրերին, ապա դրանք թափվում են կոյուղու կոլեկտոր, եւ դրանց ազդեցությունը գումարվում է կենցաղային կեղտաջրերի ազդեցությանը: Այս ամենին հավելենք ՋԿՏ-ում կենցաղային կոշտ թափոնների խնդիրը. աղբավայրերը կառուցվել են հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ եւ բնապահպանական նորմերի պահանջներին: Աղբավայրերը չունեն տարածքում ձեւավորվող կեղտաջրերի հավաքման ֆիլտրացվող համակարգեր, ինչի հետեւանքով կեղտաջրերը ներծծվում են ընդերք` աղտոտելով ստորերկրյա ջրերը, կամ անձրեւաջրերից ձեւավորված մակերեւութային հոսքով թափվում են հարակից գետեր։

Ըստ փորձագիտական գնահատականի՝ Հրազդանի ՋԿՏ-ում աղբավայրերն էական ճնշում են գործադրում ստորերկրյա ջրերի որակի վրա: Գանք աղտոտման ոչ կետային (ցրված) աղբյուրներին։ Նախ ասենք, որ ցրված աղտոտումն առաջանում է լայն տարածք զբաղեցնող գործունեությունից, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը եւ այլ աղբյուրներ: Ցրված աղտոտվածության մակարդակը կախված է ոչ միայն մարդածին գործոններից, ինչպիսին է, օրինակ, հողօգտագործումը, այլեւ բնական գործոններից, ինչպիսիք են կլիման, հոսքի պայմաններն ու հողի բնութագրիչները։ Այս գործոնների ազդեցության ուղիները զգալիորեն տարբեր են։ Ազոտի համար ցրված աղտոտման հիմնական ուղին ստորերկրյա ջրերն են, մինչդեռ ֆոսֆորի դեպքում՝ էրոզիան։

2017 թ. Հրազդանի ՋԿՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի համար օգտագործվել է 3718 տոննա ազոտական պարարտանյութ: Սա էականորեն քիչ է սահմանվող նորմից (ըստ նորմի 1 հա մշակաբույսերի մշակման համար պահանջվում է 300 կգ ազոտական պարարտանյութ): Սակայն Հրազդանի եւ Քասախ գետավազանի գետերի ջրի որակի գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հրազդան գետի միջին եւ ստորին հոսանքներում նկատվում է նիտրատ իոնների կոնցենտրացիաների աճ, որը պայմանավորված է տարածաշրջանում վարելահողերից հետադարձ հոսքերի աղտոտմամբ՝ դաշտերի ոչ ճիշտ չափաբաժնով պարարտացման արդյունքում: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մշակաբույսերի մշակումն ու պարարտանյութերի օգտագործումը Հրազդանի ՋԿՏ-ի ջրերի որակի վրա էական ճնշում չի գործադրում:

Աղտոտման մեկ այլ աղբյուր են Հրազդանի ՋԿՏ-ում գործող մի շարք խոշոր անասնապահական եւ թռչնաբուծական ֆերմաները: Ֆերմերային տնտեսությունների տարածքում գոմաղբի լվացումից հոսքաջրերը թափվում են գետեր կամ ներթափանցում են ստորերկրյա ջրեր՝ աղտոտելով ջրային ռեսուրսներն ազոտի, ֆոսֆորի եւ օրգանական այլ  միացություններով: Հրազդանի ՋԿՏ-ում ազոտի եւ ֆոսֆորի արտանետումները բավական մեծ են:

Աղտոտման ցրված մեկ այլ աղբյուր է հանքարդյունաբերությունը։ Հրազդանի ՋԿՏ-ում հիմնական հանքարդյունաբերական հանքավայրերն են Հանքավանի պղինձ-մոլիբդենի, Թուխմանուկի, Մեղրաձորի եւ Մեղրաձորի «Լուսաջուր» տեղամասի ոսկու եւ Հրազդանի երկաթի հանքավայրերը։ Գարնանային հորդառատության եւ ամառային վարարումների ժամանակաշրջանում ձնհալքի եւ անձրեւների հետեւանքով Թուխմանուկի բաց հանքավայրի ու չռեկուլտիվացված պոչամբարների տարածքներից հանքանյութ է մեծ քանակությամբ լվացվում եւ թափվում Հալավար գետը՝ ներկելով այն գորշ կարմիր եւ  աղտոտելով գետի ջրերը ծանր մետաղներով: Ամռան չոր ժամանակահատվածում հանքավայրերի տարածքից պղնձով, մոլիբդենով, քրոմով, մանգանով եւ այլ ծանր մետաղներով հագեցած փոշին քամիների միջոցով տեղափոխվում է մոտակա բնակելի տարածքներ՝ Մելիք գյուղ, աղտոտելով շրջակա միջավայրը։

Իսկ  Մեղրաձորի եւ Մեղրաձորի «Լուսաջուր» տեղամասի ոսկու բաց հանքավայրի տարածքից պարբերաբար քիչ քանակությամբ հանքանյութի մնացորդներ՝ ծանր մետաղների պարունակությամբ, գարնանային հորդառատ անձրեւներից ձեւավորված մակերեւութային հոսքով լցվում են Մարմարիկ գետը՝ քիչ չափով աղտոտելով գետի ջրերը ծանր մետաղներով։ Հաշվի առնելով գնահատման արդյունքները՝ լքված հանքարդյունաբերական հանքավայրերը եւ պոչամբարները էական ճնշում են գործադրում Հրազդանի ՋԿՏ-ի ջրային ռեսուրսների ջրի որակի վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր