211652_close_icon
views-count99029 դիտում article-date 23:03 12-06-2022

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ УАЗ-ը մի քանի մետր գլորվել ու կողաշրջվել է․ կա 3 զոհ, 3 վիրավոր․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի  մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Արխաշամներ կոչվող հանդամասում դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, УАЗ 469 (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան մոտ 25 մետր գլորվել և կողաշրջվել է։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ջերմուկ» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ։
 
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։ 

Օպերատիվ են գործել Ջերմուկի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին Ջերմուկի հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վայք» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմեն Արմենակյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխաատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա․ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր