211652_close_icon
views-count1468 դիտում article-date 15:58 15-06-2022

Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

2021 թ. պետական բյուջեն հաստատվել եւ իրականացվել է Կառավարության գործունեության ծրագրի նպատակներին համապատասխան: Այդ սահմաններում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության երաշխավորմանը, աճի եւ զարգացման ներուժի ավելացմանը, սոցիալական եւ տնտեսական տարբեր ծրագրերի միջոցով առաջնահերթ խնդիրների կարգավորմանը: Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 15-ի ԱԺ  հերթական նիստում:

Նախարարը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ըստ Ֆինանսների նախարարի՝ 2020 թ. չափազանց բարդ տարի էր: Համավարակը եւ 44-օրյա պատերազմը առաջ էին բերել մարտահրավերներ, որոնք կարող էին տնտեսական եւ սոցիալական ցնցումների պատճառ դառնալ: Նշված երեւույթները կառավարելու, դրանց բացասական հետեւանքները մեղմելու, տնտեսական ակտիվությունը վերականգնելու եւ զարգացման հիմքերը կայունացնելու խնդիրը ուղղորդող է եղել 2021 թ. մակրոտնտեսական եւ այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համար:

Պետական եկամուտները, ըստ Տիգրան Խաչատրյանի, զգալիորեն ավելացել են հատկապես հարկային եկամուտների աճի շնորհիվ: Տարվա ընթացքում բյուջեով նախատեսված ծախսերը զգալիորեն աճել են ծավալով եւ լրացվել նոր ուղղություններով, պետական պարտքի կառավարումը դարձել է ավելի հուսալի, եւ այն նվազեցրել է պարտքի փաստացի բարձր մակարդակի հետեւանքով ի հայտ եկած մակրոտնտեսական ռիսկերը:

Նախարարը հիշեցրել է, որ տարեկան տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս՝ նախապես ծրագրված 3.2 տոկոսի փոխարեն: «Տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով, որոնք ձեւավորել են 4 տոկոսային կետը: Աճի կեսն ապահովել են կացության եւ հանրային սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ»,- նշել է Տիգրան Խաչատրյանը:

Իսկ գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա: Ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով:

Տարեկան տնտեսական աճը, որ սկզբնապես ծրագրված է եղել 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս:

2021 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման եւ հարկային եկամուտների աճով:

Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրլն 683,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.9 տոկոսով: Ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99.6 տոկոս: Եկամուտների 94.2 տոկոսը ձեւավորել են հարկային եկամուտները՝ 1 տրլն 587 մլրդ դրամ չափով, ինչը 2021 թ. ՀՆԱ-ի 22.7 տոկոսն է:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հարկերն աճել են 14.6 տոկոսով՝ հիմնականում հարկման բազաների, սպառման ու ներմուծման աճի հաշվին, ինչպես նաեւ դրոշմանիշային վճարների ու խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում:

Տարվա հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տարվա բյուջեով: Ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100.2 տոկոսով:

Նախորդ տարվա 22.4 տոկոսի նկատմամբ հարկերը-ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով եւ հասել 22.7 տոկոսի:

Կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների համեմատությամբ բարձր, ճշտված պլանի նկատմամբ 92.5 տոկոս ցուցանիշ: 2020 թ. համեմատությամբ ընթացիկ ծախսերն ավելացել են մոտ 120 մլրդ դրամ կամ 7.2 տոկոսով:

2021 թ. արդյունքով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60.3 տոկոս, որը 3.2 տոկոսային կետով բարելավվել է նախորդ տարվա համեմատ:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը, նշելով, որ դրամը արժեւորվում է, հետաքրքրվել է, թե արդյո՞ք կան գնահատականներ, թե վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպես կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա՝ թե՛ բացարձակ թվով, թե՛ պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա:

«Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի եւ այդ թվում՝ Կառավարության պարտքի կառուցվածքում, քանի որ ունենք մոտ 70 տոկոս արտարժույթով գնանշված կամ արտաքին պարտք, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, եւ այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն կունենանք ՀՆԱ-ի նկատմամբ:  Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,- ասել է նախարարը: Երկրորդ ուղղությունը, որը կազդի ցուցանիշների վրա, ըստ նախարարի, տոկոսավճարների վճարումն է:

«2021 թ. 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի, օրինակ՝ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,- եզրափակել է Տիգրան Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր