211652_close_icon
views-count4024 դիտում article-date 19:51 28-06-2018

Արցախի խորհրդարանը հաստատել է 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է հերթական նիստը: Մինչ օրենսդրական հարցերին անցնելը՝ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորանքի խոսք ուղղեց Մարտակերտի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ: Նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանված հատուկ ընթացակարգով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ԱՀ օրենքների փաթեթը և «Հավաքների ազատության մասին» օրենքների փաթեթը: Արցախի Հանրապետության 2017թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես է եկել ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Նախարարի ներկայացմամբ 2017թ.-ին երկրում համախառն ներքին արդյունքը կազմել է 272,1մլրդ, մեկ շնչի հաշվով՝ 1մլն 855հազ դրամ: Տնտեսական աճը հաշվետու տարվա ընթացքում կազմել է 15,6%՝ 2,5%դեֆլյատորի պայմաններում: Ծախսերի մասով 2017թ-ի պետական բյուջեն կատարվել է 96,5%, դեֆիցիտը՝ 3,3 մլրդ դրամ նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 10,5%-ով: Պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությամբ հանդես է եկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Պատգամավոր Գրիգորի Կասպարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, իսկ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ներկայացրել է բյուջեի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածների վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Բյուջեի կատարողականի մասին իրենց դիրքորոշուներն են հայտնել նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով պարզաբանել է պատգամավորների հնչեցրած մտահոգությունները: Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱԺ որոշումը՝ Արցախի Հանրապետության 2017թ-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը հաստատելու մասին: Օրենսդիրը քննարկել և ընդունել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱՀ օրենքը: Բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրման նպատակով «Հայրենիք» խմբակցության առաջարկությամբ խորհրդարանի կողմից միաձայն ընդունվել է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Աժ որոշումը: Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Արպատ Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը և Աշոտ Ղուլյանը: Ամփոփելով 7-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 7-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 36 օրենք:

Նմանատիպ նյութեր