211652_close_icon
views-count1173 դիտում article-date 15:33 17-06-2022

Սուբվենցիոն ծրագրերում ներառենք կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցումը. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա 17-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացնել 268,5 մլն դրամ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանք վերաբերում են 18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրեր: «Բաշխվածությունը հետեւյալն է. Արարարտի մարզ՝ երեք ծրագիր, 54 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 6 ծրագիր, 81 մլն, Գեղարքունիքի մարզ՝ 5 ծրագիր, 158 մլն, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 202 մլն դրամ, Լոռու մարզ՝ 2 ծրագիր, 35 մլն, Շիրակի մարզ՝ 1 ծրագիր, 4,6 մլն, Սյունիքի մարզ՝ 1 ծրագիր, 53 մլն դրամ:

«Այս ծրագրերը բոլորը ավարտված են, կառավարությունն իր պարտականությունն է կատարում՝ շինարարներին վճարելով: Այսպիսով, մինչեւ այս պահը, 2022-ի հունվարից սկսած 229 ծրագրի համար 5,6 մլրդ դրամ տրամադրել էինք, եւս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր, այս տարի 249 ծրագիր ավարտում ենք»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  թվարկեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել սուբվենցիոն այս 20 ծրագրերով: Նա խոսեց նաեւ Արարատի մարզ իր կատարած այցելության մասին։ 

«Արարատի մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Այն ինչ տեսանք, շատ ուրախալի է, որ այդ աշխատանքները պատշաճ որակով իրականացվում են: Օրինակ,գյուղական բնակավայրերում տեսնում ենք բոլորովին նոր որակի ճանապարհների, ջրագծերի  կառուցում, ինչը շատ կարեւոր է մթնոլորտի փոփոխության առումով: Դրական լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից: Պլանավորում ենք նման այցեր կատարել նաեւ այլ մարզեր: Պետք է բոլոր մարզերով անցնենք, ծանոթանանք ծրագրերին:

Ես տեսնում եմ, որ մարդիկ մեր ասելիքին ավելի ու ավելի հաղորդակից են դառնում: Մասնավորապես, գյուղոլորտում մեր իրականացվող ծրագրերի նկատմամբ տեղեկացվածությունը մի փոքր ավելացել է, բայց շատ ավելի ավելացել է ըմբռնումը:

Նոր գաղափար առաջացավ, որ սուբվենցիոն ծրագրերում ներառենք նաեւ կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ համայնքային ավազանների կառուցումը: Այդ դեպքում պարարտանյութը նաեւ ջրի միջոցով է հասնում հողին, ինչը բրում է նաեւ պարարտանյութի խնայողության»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր