211652_close_icon
views-count309 դիտում article-date 10:39 21-06-2022

Արևմուտքը հստակեցումներ է կատարում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արեւմուտքի համար այս շրջանում մտահոգիչ է համարվում Վրաստանի որդեգրած քաղաքականությունը, քանի որ տարբեր առիթներով այդ երկրի իշխանությունները հրաժարվել են կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ եւ միանալ պատժամիջոցներին։ Անցած շաբաթ տարածաշրջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը՝ «ընդգծելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության եւ բարգավաճման ԱՄՆ հանձնառությունը»։

Առաջին կանգառը Բաքուն էր, որտեղ հունիսի 15-16-ը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւի, կառավարության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Պետքարտուղարի տեղակալն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աջակցում է երկու երկրների միջեւ գործադրած դիվանագիտական ջանքերին, որոնք «ուղղված են կայուն խաղաղությանը հասնելուն»։ Դոնֆրիդի այցը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ «Այստեղ ես մեծ հնարավորություններ եմ տեսնում։ Եկել է խաղաղության ձգտելու պահը, եւ այս ուղղությամբ դրական ազդակ կա։ Ես տեսնում եմ հնարավորություններ, բայց նաեւ անհանգստանում եմ հնարավորությունների պատուհանները փակելու համար եւ զգում եմ այս պահի հրատապությունը: Ահա թե ինչու ԱՄՆ-ը երկու կողմերին էլ ասում է, որ մենք ցանկանում ենք օգտակար լինել: Մենք կարող ենք օգնել առաջ տանելու այս գործընթացը»,- հայտարարել է Դոնֆրիդը՝ ադրբեջանական լրատվամիջոցի հարցին ի պատասխան:

Հունիսի 17-ին պետդեպարտամենտի ներկայացուցիչն այցելել էր Թբիլիսի, որտեղ մասնակցել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ անցկացվող՝ Թբիլիսիի կանանց միջազգային համաժողովին (TWIC)։ Նա առանձին բանակցություններ է վարել ընդդիմության առաջնորդների հետ։

Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ նրանք քննարկել են «երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները, եւ թե ինչպես ԱՄՆ-ը կարող է շարունակել աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին»։ Թբիլիսիում քննարկման առարկա են դարձել նաեւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, միաժամանակ ԱՄՆ-ը իր աջակցությունն է հայտնել Վրաստանի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Որոշ վերլուծաբաններ կարծում եմ, որ այցի բուն նպատակներից մեկն է եղել Վրաստանը հակառուսական դաշինքի մեջ ներգրավելը։ Արեւմուտքի համար հարցի օրակարգային լինելը դրսեւորվում է նրանում, որ ի տարբերություն Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Վրաստանն այդպես էլ «չհաղթահարեց» թեկնածու դառնալու նշաձողը։ Վրաստանիի «ժողովրդավարական զարգացման եւ օրենքի գերակայության առաջխաղացման հեռանկարը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ բարգավաճ ապագայի կառուցմանն աջակցելը» ձեւակերպումները կարող են օգտագործվել որպես լծակներ այդ երկրի իշխանությունների վրա ազդելու համար:

Հունիսի 18-ին Դոնֆրիդը Երեւանում էր, որտեղ հանդիպել էր ՀՀ վարչապետի եւ կառավարության մի շարք պաշտոնյաների հետ։ Նկատենք, որ, ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան չէր հանդիպել Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ աջակցությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին, ինչպես նաեւ դիտարկվել են «ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցերին եւ երկուստեք ստանձնած հանձնառությանը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը եւ Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:

Ամփոփելով նշենք, որ երեք հանրապետություններում Քերըն Դոնֆրիդն ունեցել է առաջնային կարեւորության թեմաներ, որոնց շուրջ փորձ է արվել ձեռք բերել պայմանավորվածություններ կամ հստակեցնել դիրքորոշումները»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր