211652_close_icon
views-count821 դիտում article-date 10:37 28-06-2022

Կոմունիկացիայի խնդիր կա․ անհրաժեշտ է շփվել հասարակության հետ․ «Առավոտ»

«Առավոտ» թեչթի առաջնորդողը գրում է․ «Գլխավոր խնդիրը, որն այսօր կանգնած է մարդկության առաջ, շփումն է, կոմունիկացիան: Դա, թերեւս, կարող է տարօրինակ թվալ այն պայմաններում, երբ մենք այսօր մեկ վայրկյանում հնարավորություն ունենք մեր խոսքը հասցնելու աշխարհի ցանկացած ծայրում գտնվող եւ համացանց ունեցող միլիարդավոր մարդկանց: Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ այսպիսով մենք ոչ թե միավորվում ենք, այլ, ճիշտ հակառակը, մասնատվում ենք, մտնում ենք մեր տեղեկատվական պատյանների մեջ: Հատկապես դժվար է կոմունիկացիա հաստատել իշխանության եւ հասարակության միջեւ, եւ այստեղ խնդիր ունեին եւ ունեն Հայաստանի բոլոր իշխանությունները:

Վարչապետի՝ ոչ թե դասական, այլ «ֆեյսբուքյան» ասուլիս անցկացնելու համառ ձգտումը, ի հեճուկս մի քանի տասնյակ լրատվամիջոցների առաջարկի, դրա թեեւ մանր, բայց հատկանշական դրսեւորումն է: Ինչպես եմ ես պատկերացնում այս հարցի լուծումը: Նախ՝ կարծում եմ, երկրի առաջին դեմքը պետք է ունենա մամուլի քարտուղար: Դա անհրաժեշտ է հենց այդ կոմունիկացիան հաստատելու համար: Փաշինյանը, բնականաբար, հնարավորություն չունի անմիջապես շփվելու լրագրողների եւ խմբագիրների հետ: Դրա համար գոյություն ունի «կոնտակտային անձ», որը, մասնավորապես, այս դեպքերում հավաքում է լրատվամիջոցների ղեկավարներին՝ նրանց, ում առաջատար եւ ազդեցիկ է համարում, եւ այսպիսի հարց է դնում՝ «մենք պատրաստվում ենք մամուլի ասուլիս անցկացնել, ի՞նչ առաջարկներ ունեք դրա ձեւաչափի մասին»: Հասկանում եմ, որ խնդիր կա. լրատվամիջոցները (կամ այն կայքերը, որոնք իրենց լրատվամիջոց են համարում) շատ են: Բայց հնարավոր է ձեւական չափանիշներ մշակել, թե ում պետք է կանչել, ում՝ ոչ: Եվ եթե պարզ դառնա, որ, ասենք, «Առավոտն» այդ չափանիշներին, այդ նշաձողին չի հասնում, դա գոնե ինձ համար պարզ եւ ընդունելի կլինի: «Դասական» ասուլիսի պարագայում լրատվամիջոցին՝ քաղաքական պատճառներով չթողնել մասնակցել, ինչպես որ վերջին անգամ վարվել էր Քոչարյանի թիմը, միանշանակ մերժելի է:

Հարցերը նախօրոք ուղարկելու եւ ընտրելու պրակտիկան ինձ հետհեղափոխական շրջանն է հիշեցնում: «Ֆեյսբուքյան» ասուլիսի դեպքում, երբ պարզ չէ, թե ում կողմից է կատարվում հարցերի ընտրությունը՝ անձամբ վարչապետի՞, նույն սենյակում նստած աղջկա՞, թե՞ այլ պաշտոնյայի կողմից, երբ պարզ չէ, թե ինչ չափանիշներով են ընտրվում հարցերը, այս պարագայում հարցեր ուղարկելը առանձնապես իմաստալից չեմ համարում: Մանավանդ՝ երբ նախորդ անգամ ուղարկածդ հարցերը չեն հնչեցվել:

Ինչու եմ ես կարծում, որ այստեղ կոմունիկացիայի խնդիր կա: Որովհետեւ կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե մի քանի տասնյակ «ֆեյք» կամ «ոչ ֆեյք» օգտատերեր գրեն «duq ov daraq ay caxvacner vor mer varchapetin harcer chtaq» եւ մի քանի պատգամավոր գրի, թե հարցեր չուղարկող բոլոր լրատվամիջոցները պաշտպանում են «ռեւանշիստ նախկինների» շահերը, այդպիսով կոմունիկացիան կայացել է, հակառակորդներին «հուժկու հակահարված» է տրվել, «ժողովուրդը մեր կողմից» է եւ այլն: Բայց անհրաժեշտ է կարողանալ շփվել ամբողջ հասարակության հետ, նույնիսկ՝ նրանց, ովքեր ձեզ հետ ինչ-որ հարցերում համաձայն չեն: Իհարկե, քարոզչական կլիշեներով պաշտպանվելն ավելի հեշտ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր