211652_close_icon
views-count873 դիտում article-date 13:05 28-06-2022

Նախագիծ․ առաջարկվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրման նպատակով նախատեսվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ և այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից:

«Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով:

Համաձայն «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի` ըստ բնագավառների կձևավորվեն հանձնաժողովներ, որոնք պարգևատրման համար կներկայացնեն համապատասխան թեկնածուներին:

Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացնում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը:

Այսպիսով՝ ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նմանատիպ նյութեր