211652_close_icon
views-count1517 դիտում article-date 10:55 30-06-2022

Ինչո՞ւ մեզ մոտ թռչնաղբի գործածումը չի ընդլայնվում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր գյուղոլորտում ունենք եւ դեռ կունենանք խնդիրներ, որոնք նաեւ պայմանավորված են պարարտանյութերի գների բարձրացմամբ։ Ընդհանրապես՝ պարարտանյութերը լինում են հանքային եւ օրգանական։ Մենք համեմատաբար շատ օգտվում ենք առաջինից (ազոտական, ֆոսֆորական, կալիումական բարդ եւ համակցված), որ ստացվում է գործարաններում՝ հումքի վերամշակման միջոցով։ Երկրորդ խմբից էլ ենք օգտվում (գոմաղբ, թռչնաղբ), բայց մասամբ՝ այդ պարարտանյութն ունեցող տնտեսությունների կողմից։

Ըստ մասնագիտական հարթակների տեղեկությունների՝ օրգանական պարարտանյութերը բուսական եւ կենդանական ծագում ունեցող նյութերն են։ Օրգանական պարարտանյութերը բազմակողմանի ներգործող պարարտանյութեր են, քանի որ դրանց հետ հող են մտնում բույսին անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր եւ հողի հատկությունները բարելավող օրգանական նյութեր:

Այս պարարտանյութերը բարելավում են հողի թե՛ քիմիական եւ թե՛ ֆիզիկական հատկությունները։ Կավային հողերը դառնում են փխրուն, իսկ կավաավազային հողերը՝ ավելի կապակցված, ջրի եւ օդի թափանցելիությունը հողում բարձրանում է։ Գոմաղբը, գոմաղբահեղուկը, տորֆը, թռչնաղբը, կոմպոստները, կանաչ պարարտացումը, բակտերիալ պարարտանյութերը, կենսահումուսն օրգանական պարարտանյութերից են։ Որոշ երկրներում թռչնաղբ ասելով նկատի ունեն ծովային թռչունների կղանքը, որոշներում՝ չղջիկներինը, մեր պարագայում խոսքը հավի թռչնաղբի մասին է: Իմա՝ ով ինչ ունի;

Մասնագիտական տարբեր փաստաթղթերում նշվում է, որ գյուղական տնտեսություններում տարեկան 1 հավից միջին հաշվով կարելի է հավաքել 5-6, բադից՝ 8-9, սագից՝ 10-11 կգ թռչնաղբ: Հատիկով կերակրվող թռչունների՝ հավ, աղավնի, հնդկահավ, թռչնաղբն ավելի շատ ազոտ եւ ֆոսֆոր է պարունակում, քան առավելապես խոտով սնվող թռչուններինը: Թռչնաղբը, որպես ազատ քայքայվող եւ ուժեղ ներգործող պարարտանյութ, լավ է օգտագործել բույսերի լրացուցիչ սնուցման համար. չոր վիճակում: Թռչնաղբի մեջ ազոտի, ֆոսֆորի եւ կալիումի պարունակությունը կախված է թռչնի ստացած կերի որակից եւ քանակությունից: Մեր մասնագետը բացատրում է, որ թռչնաղբը պարունակում է 6 տոկոս կալիում, 7 տոկոս ֆոսֆոր, 3 տոկոս ազոտ: Իսկ մագնեզիում քիմիական տարրի պարունակությունը թռչնաղբում 5 անգամ ավելի է, քան` ձիերի եւ խոզերի աղբում: Թռչնաղբը գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբի համեմատ պարունակում է նաեւ մի քանի անգամ ավելի օրգանական տարբեր նյութեր: Այսպես՝ վանդակներում եւ խորը, երկար ժամանակ չփոխվող ցամքարի վրա խնամվող հավերի աղբը պարունակում է համապատասխանաբար 33 եւ 25 տոկոս հում պրոտեին, 13 եւ 20 տոկոս հում թաղանթանյութ, 4 եւ 12 տոկոս ճարպ, 14 եւ 16 տոկոս մոխիր: Բայց թռչնաղբի այս օգտակար առավելություններն օգտագործելու նպատակով անհրաժեշտ է այն չորացնել, որպեսզի ոչնչանան հիվանդաբեր տարբեր մանրէներ, բազմաթիվ մոլախոտերի սերմեր, վերանա տհաճ հոտը:

Հարց է ծագում՝ այսքան հատկություններով հանդերձ՝ ինչո՞ւ մեզ մոտ թռչնաղբի գործածումը չի ընդլայնվում։ Բանն այն է, որ, ինչպես տեւական ժամանակ մասնագետների հետ հանդիպումներս են փաստում, հենց այդ ծավալի առումով էլ ձեւավորվել են այսպես ասած «կողմ» եւ «դեմ» թիմերը։ «Կողմը» վստահ է, որ թռչնաղբից պարարտանյութի արտադրությամբ Հայաստանը կարող է որոշակիորեն լուծել պարարտանյութի պակասուրդի խնդիրը։ Որոշակի ասվածն էլ 30-35 տոկոս է։ «Դեմն» էլ ծավալի խնդիր է դնում, որովհետեւ 1 մլն գլուխ թռչնի առկայության դեպքում տեղական թռչնաբուծական գործարաններում հնարավոր է ստանալ ընդամենը 12 հազար տոննա պարարտանյութ։ Այսինքն՝ խնդիրն այն է, թե կարո՞ղ ենք ծավալ ապահովել զանգվածային գործածման (մշակված պարարտանյութի) համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր