Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:
Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման Օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռուբեն Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի