211652_close_icon
views-count869 դիտում article-date 10:07 20-07-2022

Մտածենք մեր էներգետիկ ու պարենային անվտանգության մասին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Անկախ այն բանից, թե ինչ են ասում մասնագետներն ու փորձագետները, այս պահին քաղաքական դաշտի խաղացողներն են թելադրում իրավիճակը, որ, սակայն, հանգուցալուծվելու է հօգուտ այն կողմի, ով կկարողանա մինչեւ վերջ խաղարկել տնտեսական մահակը։ Եվ այդ մահակի հարվածները կամա եւ ակամա (խնդիր ծագելու պարագայում ցանկացած պետություն նախ մտածում է իր մասին) ավելի շատ «ուտելու» են այն երկրները, որոնք թույլ զարգացած են եւ թեկուզ ինչ-որ կերպ պատրաստ չեն այս ցնցումներին։ Հայաստանը, ցավոք, այս երկրների շարքում է եւ առավել խոցելի է դարձել հատկապես 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրավիճակով։ Մտածել, որ հիմա մենք էներգետիկ ճգնաժամ չունենք եւ ունենք հաց՝ թեկուզ թանկ, ու վաղվա օրվա համար ոչինչ չձեռնարկել, ճիշտ չէ։ Ինչու․․․

1. Ինչպես արդեն ասել ենք, միջազգային էներգետիկ խորհրդի ինդեքսավորմամբ՝ 2021 թ. ՀՀ-ն գրանցել է էներգետիկ անվտանգության ամենացածր ցուցանիշը վերջին 20 տարվա ընթացքում: Իսկ 2022 թ. փետրվարի 1-ից անցել ենք նոր՝ շուկայական կարգավորման մոդելի, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերությունները իրավունք ունեն էլէներգիա ներկրել Հայաստան։ Այն պարագայում, երբ մեր երկրի Էներգետիկ համակարգն ավելցուկային է, ուստի կարող ենք այն հենել արտահանման ուղղվածության վրա։ Փոխարենը աստիճանաբար տեղավորվում ենք ներկրող պետության տրամաբանության մեջ՝ բացասական քաղաքական ու տնտեսական հետեւանքներով հանդերձ։ Համապատկերում չմոռանանք նաեւ ադրբեջանական կողմի՝ «զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլէներգիա արտահանելու եւ Հայաստանի միջով հաղորդակցությունը ուժով բացելու սպառնալիքների մասին։ Ինչեւէ, թյուրընկալում չունենանք. ազատական շուկան ամենեւին չի ենթադրում անվտանգության մասին չմտածել։ Ճիշտ հակառակը. ազատական շուկան պարտադրում է է՛լ ավելի բարձրացնել անվտանգության մակարդակը։

2. Անբավարար վիճակում ենք նաեւ ցորենի ինքնաբավության մասով։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիներին Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը չի անցել 33 տոկոսից, 24-33 տոկոսի շրջանակներում է եղել։ Իսկ ցորենի արտադրության ծավալը 2021 թ. նվազագույն ցուցանիշն է արձանագրել վերջին 10 տարվա կտրվածքով։ Բայց ունեցել ենք տարիներ՝ 2013-2016 թթ., երբ համապատասխան ցուցանիշը հասցրել ենք 53 տոկոսի։

Թվերը վկայում են՝ նշյալ երկու ոլորտներում էլ խնդիր ունենք։ Սա նշանակում է՝ քաղաքականությունը պետք է վերանայվի՝ գործիքակազմով ու մեխանիզմներով հանդերձ։ Որովհետեւ դեռ չգիտենք միջազգային ինչ ծավալումներ կլինեն։ Ուստի մեր հիմնական խնդիրը մեր իսկ անվտանգության մասին մտածելն է՝ մեր իսկ միջոցներով։ Հատկապես որ ե՛ւ հնարավորությունն ունենք, ե՛ւ ներուժը»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր