211652_close_icon
views-count85387 դիտում article-date 16:03 20-07-2022

Արարատի ոստիկանների փայլուն, օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 17-ամյա աղջկան մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդն ու ավտոմեքենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 19-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ և ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է Սարի Թաղի թիվ 27 դպրոցի մոտից, ով կասկածվում է հուլիսի 16-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին, Ոսկետափ գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու, դեպքի վայրից հեռանալու մեջ։

Նշված հանցագործությունը բացահայտելու համար Արարատի մարզի ոստիկանապետ Ս․ Ռուստամյանի որոշմամբ՝ ստեղծվել են օպերատիվ հետախուզական խմբեր, որոնք օրեր շարունակ իրականացրել են հսկայածավալ աշատանքներ, այցելել են 300-ից ավելի հասցեներ, փորձել են պարզել՝ արդյո՞ք եղել են ականատես-վկաներ, ուսումնասիրել են տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկները, ու արդեն աշխատանքների դրական արդյունքի շնորհիվ պարզել են ենթադրյալ կասկածյալի տեղը ու Սարի Թաղում դարանակալում են կատարել։ 

Այդ ամենի արդյունքում հայտնաբերվում է 44-ամյա Գևորգ Բ․-ն և Opel Astra մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը այլ քաղաքացի է։ 

Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գևորգ Բ․-ն ոստիկանությունից ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվում է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտվել է։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում Ոսկետափ գյուղի վարչական շրջանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրարերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։  

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր