211652_close_icon
views-count1081 դիտում article-date 19:31 21-07-2022

Սերգեյ Սմբատյան. «Պենդերեցկին ժամանակակից երաժշտության խորհրդանիշն է» Ավարտվեց Պենդերեցկու անվան փառատոնը

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնն ամփոփվեց համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ «Աղոթքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում տեղի ունեցան Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիայի և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիայի համաշխարհային պրեմիերաները, ինչպես նաև՝ Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որի նախաձեռնությամբ էլ կայանում է ժամանակակից դասականների փառատոնը, նշեց, որ Քշիշտոֆ Պենդերեցկին հատուկ մարդ էր իր, իր երաժշտական աշխարհընկալման և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։

«Վերջին անգամ մաեստրո Պենդերեցկին Հայաստանում էր 2019 թվականին, ցավոք, դա հրաժեշտի այցելություն էր։ Նրա անունը, երաժշտությունն անչափ թանկ ու կարևոր են մեր երկրի համար։ Նրան շատ սիրում էին Հայաստանում ու զգում էին մեծ կոմպոզիտորի կարիքը։ Դա էր նաև պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մաեստրոն ամեն տարի ժամանում էր Հայաստան,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ շեշտելով, որ Պենդերեցկին ժամանակակից երաժշտության խորհրդանիշն է, որի շուրջ համախմբվում է երաժշտական աշխարհը։- Եվ այն երաժշտական լեզուն, ժամանակակից մտածողությունը, որ մաեստրոն ստեղծեց, միավորում է մարդկանց, ու այդ արժեքներն ավելի ուժեղ են դարձնում մեզ։ Մարդիկ պատմության մեջ մնում են ոչ թե նրա համար, որ պարզապես հայտնի են, այլ որովհետև ստեղծում են արժեքներ, առանց որոնց աշխարհն այլևս չի կարող ապրել»։

Այս օրերին Երևանում է և իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային ներկա էր նաև ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովը, որին այսօր աշխարհն է հետևում, և որն ամենաշատ կատարվող ժամանակակից հեղինակներից է։ Նրա ստեղծագործությունը բնորոշվում է որպես սիմֆոնիա՝ առանց սիմֆոնիզմի, և կոմպոզիտորը խոստովանում է, որ իր համար այս գործն ունկնդրելիս այն զգացողությունն է, թե թերթվում են իր կյանքի էջերը։

Երեկոյի ընթացքում հնչած՝ Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան հեղինակը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Իսկ Տիգրան Մանսուրյանը, ում Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը Հայաստանում կատարվեց առաջին անգամ, համերգից հետո շեշտեց, որ և՜ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, և՜ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, և՜ բարիտոն Ակսել Դավեյանը, և՜ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լավագույնս ներկայացրին ստեղծագործությունը։ 

Նշենք, որ համերգը բարեգործական էր։ Տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը։ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում դժվարին պայմաններում ապրող առնվազն 100 երեխա, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ, կապահովվեն դպրոցական պարագաներով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության բարի կամքի դեսպանն է, որն օգնում է կազմակերպությանը դրական փոփոխություններ բերել կարիքի մեջ ապրող երեխաների կյանքում։

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը խորին շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բարեգործական նախաձեռնության համար։

«Տաղանդն Աստծո շնորհն է մարդուն, իսկ այդ շնորհը բարի գործին ծառայեցնելը հենց մարդու ընտրությունն է»,- ասաց Րաֆֆի Դուդակլյանը՝ նշելով, որ Վորլդ Վիժնն արդեն 30 տարուց ավելի է՝ ծառայում է Հայաստանում, և իրենք փորձում են լինել այնտեղ, որտեղ իրենց կարիքն ամենից շատ են զգում, հատկապես երբ խոսքը երեխաներին է վերաբերում։ Այս տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 110 000 երեխայի։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ից 19-ը Երևանում անցկացված Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր