211652_close_icon
views-count882 դիտում article-date 23:14 22-07-2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ վերջերս դիմել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին` հանդիպելու հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների հետ: Նրա խոսքով` հանդիպումը կրելու է մարդասիրական բնույթ:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` Հայկ Մամիջանյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գործում է մեկ կուսակցության մեկ մարդու համակարգը` օրինակ բերելով, որ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանը և ՀՀ դատախազն ընտրվել են մեկ խմբակցության ձայներով: Նա նաև մատնանշել է ԱԺ աշխատանքներին խորհրդարանական ընդդիմության չմասնակցելու պատճառները:

Դեյվիդ Մքալիստերը կարևորել է ընդդիմության հետ հանդիպումը, հետաքրքրվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նրանց դիրքորոշմամբ:

Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, սակայն առանց նախապայմանների: «Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է փոխկապակցված լինեն ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- ասել է պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցի զինյալներ կան:

Խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել պատվիրակության անդամներին` վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից չորս հայանպաստ բանաձևերի ընդունման համար:

Նմանատիպ նյութեր