211652_close_icon
views-count2249 դիտում article-date 17:51 23-07-2022

Կիևը պնդում է, որ Մոսկվան խախտել է ստամբուլյան պայմանավորվածությունները

Կիևը պնդում է, որ ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսայի նավահանգիստների ենթակառուցվածքների վրա։ Այս մեղադրանքները հնչում են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումները վերսկսելու հարցով Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրից մեկ օր անց։ Գրում է «Ազատությունը»։

«Հակառակորդը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, երկու հրթիռ խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, երկուսը խոցել են նավահանգստի ենթակառուցվածքը», - ասվում է Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական հաղորդագրությունում։

Իր հերթին, Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանը Օդեսայի նավահանգստին հարված հասցնելով «թքում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեսին»․ ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:

«Ռուսաստանի Դաշնությունից 24 ժամից էլ քիչ ժամանակ պահանջվեց Օդեսա քաղաքի վրա հրթիռային հարձակում իրականացնելու համար, որպեսզի կասկածի տակ դնի նախօրեին Ստամբուլում ստորագրված համաձայնագիրն ու ՄԱԿ-ի և Թուրքիայի խոստումները», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը` պնդելով, որ եթե պայմանավորվածությունները չկատարվեն, «ապա համաշխարհային պարենային ճգնաժամի խորացման ամբողջ պատասխանատվությունը կկրի Ռուսաստանը»:

Մոսկվան դեռևս չի արձագանքել այս մեղադրանքներին։

Նմանատիպ նյութեր