211652_close_icon
views-count1453 դիտում article-date 09:01 26-07-2022

Պետքարտուղար Բլինքենը զրուցել է վարչապետ Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հաղորդել է Բլինքենը իր թվիթերյան գրառման միջոցով: Նույն օրը պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Իր գրառման մեջ Բլինքենը, մասնավորապես, գրել է.

«Լավ քննարկում եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության շուրջ։ Ես ողջունում եմ Հայաստանի դրական քայլերն Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ։ Տարածաշրջանի երկրների միջև քննարկումներն առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի ուշ ԱՄն պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն հեռախոսազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապերը հեշտացնելու համար։ Պետքարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։ Նա նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին և նշել, որ Միացյալ Նահանգները 1994թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել երկկողմանիորեն և համախոհ գործընկերների հետ՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:

Պետքարտուղար Բլինքենը նաև ողջունել է վարչապետին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված դրական միտումների և կոնկրետ պայմանավորվածությունների համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նմանատիպ նյութեր