211652_close_icon
views-count792 դիտում article-date 16:27 29-07-2022

Զինհաշմանդամները կապեցին «Արևագորգի» վերջին հանգույցները. նախաձեռնության շնորհիվ հանգանակվել է 8 մլն դրամ

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը և Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապեցին շուրջ մեկ տարի գործվող «Արևագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես տղաների ձեռքով կատարվեց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

«Արևագորգը» պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։ Գորգի կենտրոնում պատկերված է ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված` որպես արևի և լույսի խորհրդանիշ և պաշտպանիչ ուժ:

Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը։ Սփյուռքի մեր հայրենակիցները վիրտուալ հանգույցներ էին կապում megerian.1000plus.am կայքի միջոցով՝ այդ կերպ իրենց հոգածությունը և աջակցությունը ցուցաբերելով մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Այս նախաձեռնության շնորհիվ հավաքագրվեց 8,123,000 ՀՀ դրամ։

Միջոցառման ընթացքում ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշեց, որ հիմնադրամի առաքելությունը ձևավորվել է շատ վեհ գաղափարի շուրջ։ Մեզնից յուրաքաչյուրը պետք է կարողանա գնահատել մեր հերոսներին, հարգել զոհվածների հիշատակը, ինչպես նաև նրանց, ովքեր ողջ են այսօր։

Նմանատիպ նյութեր