Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին եւ հիմնադրամի անդամներին։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում իրենց կողմից կատարված աշխատանքները, որոնք ուղղված են Արցախից 2020 թվականի պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով եւ աշխատանքով ապահովելուն։
«Մեծ Մասրիկ գյուղում մեր հիմնադրամի միջոցների հաշվին գնել ենք 10 տիրազուրկ բնակարաններ, որոնցից 7-ը վերանորոգել, կահավորել, հիմնադրամի համագործակից կազմակերպությունների աջակցությամբ կառուցել ենք անասնագոմ, տրամադրել անասուններ, որպեսզի սահմանամերձ այդ բնակավայրում հիմնական բնակություն հաստատեն Արցախից տեղահանված, բնակարան, հողատարածք կորցրած ընտանիքները։ Մնացած երեք բնակարանների հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են եւ առաջիկայում կհանձնվեն նոր տերերին»,- տեղեկացրել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենը։
Հիմնադրամը մեկ այլ ծրագրով Մեծ Մասրիկ եւ Ակունք գյուղերում հիմնանորոգում է բուժկետերը, նախատեսում է այդ կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել հիմնադրամի ղեկավարներին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում նման բնույթի ծրագրեր իրականացնելու համար: Նա հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցված աշխատանք իրականացնելու համար։
Հիմնադրամի ներկայացուցիչների առաջարկի հիման վրա Գեղարքունիքի մարզպետարանում կկազմվի սահմանամերձ բնակավայրերում խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերի ցանկ եւ կներկայացվի «Փարոս» հիմնադրամին՝ դրանք համատեղ քննարկելու եւ հիմնախնդիրներին լուծումներ տալու նպատակով։