211652_close_icon
views-count864 դիտում article-date 16:41 03-08-2022

Կտպագրվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց

Իտալացի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ մշակել են Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց և գոտևորման աշխատանքների մեթոդաբանություն՝ միտված Գյումրիի պատմական միջավայրի քաղաքաշինական ամբողջականության պահպանմանը: Մինչ վերջնական տարբերակի հաստատումը՝ մշակված փաստաթղթերը ներկայացվում են շահագրգիռ կողմերին՝ պատվիրատու գերատեսչությանը, համայնքի բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական հանրությանը: Հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Մասնավորապես՝ փաստաթղթերի լրամշակված տարբերակը քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ: Դիտարկվել են պատմական ժառանգության ամբողջականության պահպանման հիմնավորումները և առաջարկվող գործիքակազմը: Կատարված աշխատանքը ներկայացվել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ վերջինս կարևորել է փորձագետների վերհանած հիմնախնդիրները: Ուշադրություն է դարձվել նաև արդիական այլ խնդիրների՝ պատմական միջավայրում գովազդային և տեղեկատվական վահանակներին ներկայացվող պահանջների հստակեցմանն ու հանրային տարածքների կազմակերպմանը:
Ուղեցույցն ու մեթոդաբանությունը մեկ անգամ ևս շրջանառվել են հիբրիդային ձևաչափով կազմակերպված աշխատաժողովի շրջանակում, որի ընթացքում շահառու խմբերի, ոլորտի մասնագետների հնչեցրած առաջարկները ներառվել են փաստաթղթերում: ԱԶԲ կողմից գործընթացը համակարգող իտալացի մասնագետներն անդրադարձել են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի և ողջ քաղաքի տարածքի վերաբերյալ հավաքագրված տվյալների թվայնացման հնարավորությանը:

Փաստաթղթերի կազմմանը նախորդել են հետազոտական աշխատանքներ՝ հավաքագրելու պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերաբերյալ տվյալներ: Գործընթացում ներգրավվել են նաև մասնագիտացված բուհերի դասախոսները և ուսանողները: Նախաձեռնության շրջանակում կարևորելով կրթական բաղադրիչը՝ կազմակերպվել են դասախոսություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Իտալացի փորձագետներն ուսանողներին ներկայացրել են ժառանգության պահպանության մեթոդաբանության, ինչպես նաև տեղեկատվության թվայնացման առանձնահատկությունները:

Հաջորդ փուլում նախատեսվում է ուղեցույցի և մեթոդաբանության վերջնական տարբերակը տպագրել երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ուղեցույցը կընդգրկվի Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ «Շիրակ-4» միկրոռեգիոնի համար մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի կազմում, որը ներառում է 3 մակարդակ՝ տարածքային պլանավորում, գլխավոր հատակագիծ, գոտևորման նախագիծ: Դա հնարավորություն կտա ուղղորդելու և կանոնակարգելու համայնքում իրականացվող քաղաքաշինական գործընթացները՝ պահպանելով պատմական ժառանգությունը և քաղաքաշինական միջավայրի ամբողջականությունը:

Նմանատիպ նյութեր