211652_close_icon
views-count1301 դիտում article-date 10:18 13-08-2022

Փորձագետները «շատ լավ գիտեն», թե ինչ է ուզում Արևմուտքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս դիտում էի CNN-ի վերլուծաբան Ֆարիդ Զաքարիայի եւ բրիտանացի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնի բանավեճը: Այդ զրույցը տեսագրվել է 2019 թվականին եւ կրում է հետեւյալ անվանումը. «Արդյո՞ք ազատական աշխարհակարգն ավարտվել է»: Այսօր, այդ բանավեճը նայելով 2022 թվականի տեսանկյունից, կարող ենք, թերեւս, արձանագրել, որ պահպանողական Ֆերգյուսոնի փաստարկներն ավելի համոզիչ են, քան ազատական Զաքարիայի: Ի դեպ, դրա մասին են, կարծես թե, վկայում տեսագրության մեկնաբանությունները, որոնց մեծ մասն արձանագրում է բրիտանացու «հաղթանակը»: Բայց ես այս հարցում չէի շտապի, որովհետեւ բազմիցս համոզվել եմ՝ քաղաքական կյանքը (թե՛ ներքին, թե՛ արտաքին) ճոճանակի նման է, եւ երբ իրավիճակը հասնում է որեւէ ծայրահեղ կետի, տեղի է ունենում հակառակ շարժումը:

Սակայն այստեղ իմ խնդիրն աշխարհաքաղաքական այս բարդ հարցերը քննարկելը չի: Խնդիրը հայաստանյան ընկալումների յուրահատկությունն է: Երբ մեր մեկնաբանները վստահության բարձր աստիճանով հայտարարում են՝ Արեւմուտքը սա՛ է ուզում, Արեւմուտքը սա՛ է պահանջում: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դա մեկ միավոր չէ, եւ երբ քաղաքագետներն ասում են՝ «հավաքական Արեւմուտք», դա չափազանց պայմանական ընդհանրացում է: Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի շահերն, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմի հարցում խիստ տարբեր են:

Ավելին, ԱՄՆ-ի հե՛նց ներսում կան տարբեր ազդեցիկ հոսանքներ, որոնց հետ իշխանությունը ստիպված է հաշվի նստել: Դա Ռուսաստան չի, որտեղ իշխանությունից տարբերվող տեսակետներ արտահայտողները կամ բանտում են, կամ՝ արտասահմանում, կամ՝ առնվազն հայտարարվել են «օտարերկրյա գործակալներ»: Եթե Ռուսաստանում պաշտոնական ընդունված որեւէ քաղաքագետ, օրինակ, Մոդեստ Կոլերովը ինչ-որ տեսակետ է արտահայտում, կարելի է առանց վարանելու ասել, որ դա, գուցե որոշ նրբերանգային տարբերություններով, Կրեմլի դիրքորոշումն է: Նույնը չես կարող ասել, օրինակ, Նաում Չոմսկու կամ նույն Ֆարիդ Զաքարիայի մասին, որոնց տեսակետները խիստ տարբեր են, բայց ԱՄՆ քաղաքական մշակույթում հավասարապես ընդունելի:

Հայաստանում, բնականաբար, կարծիքների ավելի մեծ բազմազանություն կա, քան Ռուսաստանում: Բայց, մյուս կողմից, կարելի է արձանագրել, որ փորձագետների 70-80 տոկոսը իշխանամետ է եւ «արեւմտամետ»: Նրանց միավորող հիմնական թեզն այն է, որ մեր բոլոր խնդիրներում մեղավոր են նախկինները եւ Ռուսաստանը: Եվ հենց այդ փորձագետներն են, որ «շատ լավ գիտեն», թե ինչ է ուզում Արեւմուտքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր