211652_close_icon
views-count1007 դիտում article-date 19:10 16-08-2022

Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի վարչապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ հրավառության պահեստի պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի պաշտոնական կայքը:


Ըստ patriarchia.ru-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր ցավակցական հեռագրում Ռուսաստանի հոգևոր առաջնորդը նշել է, որ խոր ցավով է ընդունել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկությունը, մասնավորապես այն, որ հրդեհը և շենքի փլուզման հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան:

«Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ անկեղծ ցավակցությունս փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի դժբախտությունը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և մտերիմներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին, ի դեմս Երևանյան-Հայաստանյան թեմի հոգևորականների և աշխարհականների, պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Թող բարերար Տերը ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, մխիթարի սգավորներին և շուտափույթ ապաքինում շնորհի տուժածներին», – նշված է Կիրիլ Պատրիարքի ցավակցական ուղերձում:

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը եղբայրական ուղերձ է հասցեագրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ անկեղծ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ և հույս հայտնելով, որ Ամենաողորմած Արարիչը հանգստություն կպարգևի զոհվածների հոգիներին, շուտափույթ ապաքինում կշնորհի վիրավորներին և կմխիթարի սգավորներին:

Նմանատիպ նյութեր