211652_close_icon
views-count11115 դիտում article-date 20:16 02-12-2014

Մանվել Գրիգորյանը` Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված վիրավորական նամակի մասին

Հայ առաքելական եկեղեցին եւ քրիստոնեական հաստատուն հավատքը մեր ազգի հիմնասյուներից են. պատմության մեջ մեր ազգը գոյատեւել է նաեւ հզոր, ճշմարիտ հավատքի շնորհիվ, իսկ հոգեւոր դասը առաջնորդող է եղել մեր ազգին՝ ինչպես հոգեւոր, բարոյական ասպարեզներում, այնպես էլ` հարկ եղած դեպքում անգամ պատերազմների ժամանակ: Հետեւաբար, ցավ և ափսոսանք եմ հայտնում կատարվածի համար: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում վերջին օրերին մամուլում հրապարակված՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին, որում վիրավորական արտահայտություններ էր ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բարձրաստիճան եկեղեցականներին: Զորավարի խոսքով, ինքը մտավախություն ունի, որ նմանօրինակ վերաբերմունքը առավել խորանալու, շարունակվելու պարագայում կարող է վտանգել մեր ազգային ու հոգևոր միասնականությունը: «Հորդորում եմ մեր հանրությանը, մեր քրիստոնյա ժողովրդին ձեռնպահ մնալ այս թեմայով շահարկումներից: Երկրապահը միասնականություն է քարոզում, մենք մեր ողջ էությամբ հասկանում ենք, թե որքան անհրաժեշտ է մեր ազգին միասնականությունը, քանզի պատմությունը ցույց է տվել` միասնական հայությունն անպարտելի է: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգեւոր կենտրոնն է, եւ իրավամբ բնական է, որ հայ ազգը համախմբվի Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, հատկապես որ Գարեգին Բ կաթողիկոսն ապացուցել է, որ ինքը հավատարիմ է հայ դատին, հայ ազգի խնդիրներին, ամուր կանգնած է հավատացյալ աշխարհասփյուռ հայ ժողովրդի թիկունքին»,- ասաց գեներալը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ Երկրապահ կամավորականների միությունը սերտ գործակցության մեջ է Մայր Աթոռի հետ` Վեհափառի կարգադրությամբ Երկրապահի օրը նշվում է Մայր տաճարում եւ հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում: «Նմանապես եկեղեցու օրհնությունն ունի եւ մարտի 5-ը` որպես ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան օր եւ պատանի երկրապահների երդման ու օրհնության օր: Երկրապահում ծառայության է կոչված հոգևոր սպասավոր, բոլոր մարզային խորհուրդներում եւ տարածքային բաժանմունքներում ստանում է հոգեւորականների աջակցությունը, մեր բոլոր միջոցառումներն սկսում ենք հոգեւորականի օրհնությամբ»,- նշեց Մանվել Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ երկրապահը բարձր է գնահատում նաեւ Երուսաղեմի պատրիարքարանի առաքելությունը: «Պատրիարքի հետ եւս անձամբ ծանոթ եմ: Վստահ եմ, որ որպես ազգասեր հոգևորական, պատրիարքը միջոցներ կգտնի խնդիրները կարգավորելու Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան հոգևորականների հետ, հատկապես երբ այս օրերին ազգովին պատրաստվում ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մեկ անգամ եւս կրկնեմ` հայ ազգի համար կարեւորագույն խնդիր է միասնականությունը, մայր եկեղեցու շուրջ համախմբումը: Այսօր մենք համազգային լուրջ խնդիրներ ունենք: Մեր թշնամին թուրքն է, որ միշտ էլ դավադիր սպասում է ներքին երկպառակտությունների, որպեսզի նորանոր հարվածներ հասցնի մեր ազգին` քնած հայ կացնահարի, խաղաղ զորավարժություն անցկացնող ուղղաթիռ խոցի: Մենք պետք է միաբան լինենք արտաքին մարտահրավերների դեմ, իսկ առաջնորդող պետք է լինի մեր նվիրական հավատքը: Ովքեր կփորձեն թշնամու ջրաղացին ջուր լցնել, ովքեր կփորձեն սեպ խրել համազգային կառույցների հարաբերություններում, կփորձեն օգտվել հոգեոր առաջնորդների միջեւ ժամանակավորապես ստեղծված թյուրըմբռնման իրադրությունից, նրանք հայ ազգի, Հայաստան պետության, ուրեմն նաեւ` Երկրապահի թշնամին են»,- ավելացրեց Մանվել Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր