211652_close_icon
views-count12934 դիտում article-date 11:08 17-08-2022

Զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետեւանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում եւ լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ եւ առանց առողջությանը պատճառված էական վնասների:

 Այս հայտարարության հիմքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու կամ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ փորձի մասին տեղեկացնելու լիազորությունն է եւ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա հետեւանքով բռնկված հրդեհի եւ փլուզման հետեւանքով զոհվածների տվյալների (լուսանկարների) հրապարակման կապակցությամբ մտահոգություններն են: Մասնավորապես, եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները եւ հրապարակվող տվյալների համաչափությունը առերեւույթ խնդահարույց չէ, քանի որ դրանք հրապարակվում են անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու եւ նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ եւ իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը եւ համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր
կանոնները եւ սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:

Մարդու մասին տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ։ Երկու իրավունքներն էլ հիմնարար են եւ պահանջում են առանձնահատուկ հարգանք։

Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաեւ այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաեւ դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) եւ ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները (օրինակ՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործեր), որոնցով էլ հավասարակշռվում է (լրագրողի) խոսքի ազատության եւ տեղեկություն ստանալու եւ տարածելու ազատությունները մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալներին պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:

Տվյալ դեպքում խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ իրադարձության՝ պայթյունի, ինչպես նաեւ դրա արդյուքնում հրդեհի եւ փլուզման հետեւանքով զոհվածների, վիրավորների եւ անհետ կորածների մասին է: Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարեւոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարեւորությունը եւ տվյալների մշակման հնարավոր ռիսկերը:

Այսպես, անձնական տվյալների մշակման եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ եւ գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել: Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի եւ օրինական, այսինքն հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը եւ կարեւորությունը:

Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Այս առումով կարեւոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին, երբ հրապարակված տվյալները առանց որեւէ ժամկետի եւ տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, եւ ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների եւ ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատտվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները եւ տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:

Նմանատիպ նյութեր