ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային
ՌԴ ԱԳՆ-ն գրություն էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք էր արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության համար ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, և, ըստ այդմ, ճիշտ չեն համարում դրա հրապարակումը:
Հիշեցնենք՝ ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում էր.
«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։
Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»: