211652_close_icon
views-count1078 դիտում article-date 10:27 26-08-2022

Գերմանական նախագծի առավելությունները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ հոդվածում նշել էի, որ Հայաստանի համար, թերևս, կարող է հեռանկարային լինել քրիստոնեա-ժողովրդավարական նախագիծը: Հակիրճ անդրադառնանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Գերմանիայում այդ նախագիծը սկսել է իրագործվել երկրորդ համաշխարհային պատերազմում պարտությունից հետո: Հայտնի է, որ նացիստների իշխանության օրոք փաստացի ջախջախված էին քաղաքական ինստիտուտները: Եկեղեցու նկատմամբ նացիոնալ-սոցիալիստների վերաբերմունքը նույնպես ավելի քան սառն էր՝ նրանք գտնում էին, որ գերմանացին եւ, ասենք, ֆրանսիացին չեն կարող աղոթել միեւնույն Աստծուն, «ընտրյալ ազգը» պետք է իր սեփական, առանձնահատուկ առասպելաբանությունն ունենա: Այսինքն՝ քրիստոնյա հավատքի ունիվերսալիզմը նացիստական գաղափարախոսության համար մերժելի էր: Այնուամենայնիվ թե՛ կաթոլիկ եւ թե՛ բողոքական եկեղեցիները Հիտլերի ժամանակ կարողացան հիմնականում պահպանել իրենց կառույցները՝ ի տարբերություն քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների:

Գերմանական քրիստոնեա-ժողովրդավարության սկզբնական խթանները տրվել էին Վատիկանում՝ դեռեւս երկրորդ աշխարհամարտից առաջ: 1930-ական թվականներին Սուրբ Աթոռում մեծ ազդեցության ուներ ազգությամբ գերմանացի ճիզվիտ Օսվալդ ֆոն Նել-Բրոյնինգը, որի աշխատություններում ներկայացված էին կաթոլիկ եկեղեցին բարեփոխելու առաջարկները: Գերմանացի մտածողը կոչ էր անում ոչ այնքան հաշտվել ժողովրդավարություն եւ շուկայական հարաբերությունների հետ (որոնք հակասում էին կաթոլիկ դոգմատներին), որքան ընդունել դրանք որպես անխուսափելի իրողություն եւ «աշխատել» դրանց հետ:

Մյուս կողմից՝ աշխարհիկ լիդերները սկսեցին գիտակցել, որ քրիստոնյա լինելը պարտադիր չի նշանակում հանդես գալ որպես միապետության կողմնակից: Այդ հողի վրա տեղի ունեցավ կաթոլիկների եւ բողոքականների մերձեցում, եւ պատերազմից անմիջապես հետո՝ 1945 թվականի հունիսին նրանք կազմեցին Քրիստոնյա-ժողովրդավարական միություն: Այդ շարժումը թափ հավաքեց նաեւ այն պատճառով, որ կաթոլիկ եւ բողոքական քահանաները գնացին հասարակ մարդկանց մոտ, կիսեցին նրանց հոգսերը:

Պատերազմում պարտություն կրելուց հետո սթրես ապրող, կենցաղային զրկանքներ կրող գերմանացիներին պետք էր առաջարկել մի ծրագիր, որը կտարբերվեր ազատականությանը հատուկ «ջունգլիների օրենքներից», որտեղ դաժան մրցակցության մեջ պետք է հաղթի ամենաուժեղը, ամենաճարպիկը: Քրիստոնյա-ժողովրդավարության հիմքում այսպես կոչված «սոլիդարիզմն» է, որը մերժում է ծայրահեղ անհատապաշտությունը. հարուստները պետք է օգնեն աղքատներին, պետությունը պետք է սուբսիդավորի սոցիալական նախագծերը, այդ թվում՝ սոցիալական գործարարությունը: Երկրի քաղաքացիներն, իհարկե, տարբեր կարգավիճակներ, տարբեր նյութական հնարավորություններ ունեն, բայց դժվարությունները նրանք պետք է միասին հաղթահարեն՝ իրար թիկունք կանգնելով:

Իսկ ամենակարեւորն այն է, որ քրիստոնյա-ժողովրդավարության շնորհիվ քաղաքականություն էին վերադարձել մարդկությանը հուզող փիլիսոփայական, էթիկական խնդիրները: Կարծում եմ, այսքանից պարզ է, թե ինչու այդ նախագիծը կարող է հետաքրքիր լինել մեզ՝ հայերիս համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր